«Trio Mandili» վրացական ֆոլկ խումբը համերգով հանդես կգա Երևանում
ՄՇԱԿՈՒՅԹ«Trio Mandili» վրացական ֆոլկ խումբն առաջին անգամ համերգով հանդես կգա Երևանում: Համերգի կազմակերպիչների հաղորդմամբ, հունիսի 11-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք համերգին երեք աղջիկները կներկայացնեն նաև հայերեն ստեղծագործություն: Երեկոյի ընթացքում նախատեսված են նաև այլ անակնկալներ:
Աղջիկները հայերեն են սովորում ու հայ երկրպագուներին ուղղված տեսանյութ պատրաստել:
Երեք վրացուհիները տարիներ առաջ երազել անգամ չէին կարող այսպիսի հաջողության մասին: Նրանք իրենց «Apareka» երգի համար սելֆի-տեսանյութ էին նկարահանել և ներբեռնել համացանց: Տեսահոլովակը միլիոնավոր դիտումներ է գրանցել՝ նրանց բերելով համաշխարհային ճանաչում:
Տրիոն վերջերս ձայնագրել է իր անդրանիկ` «With Love» ալբոմը: Այս ալբոմի անվանումը պատահական չէ ընտրված.մարդկանց, երաժշտության ու կյանքի նկատմամբ սիրով լցված` խումբը շրջագայություններով հանդես է գալիս աշխարհի տարբեր երկրներում:
Տրիոն արդեն իսկ երկրպագուների մեծ բանակ ունի ոչ միայն Վրաստանում, այլև Ռուսասատնում, Ուկրաինայում, Ղազախստանում, Եվրոպայում, ԱՄՆ-ում ու նույնիսկ Ավստրալիայում:
Խմբի երևանյան համերգի կազմակերպիչներն են Prime Production և Azd Production ընկերությունները: