«ՔՊ–ի վստահության վարկանիշը անկում է ապրում ամբողջ երկրում». «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«Փաստ» օրաթերթը գրում է.
ng.ru–ն «Հայաստանի երկրորդ մեծ քաղաքը գրավվել է «կոմունիստների» կողմից» վերնագրով հոդվածում գրում է, որ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գյումրիում՝ հանրապետության մեծությամբ երկրորդ քաղաքում պարտվել է ՏԻՄ ընտրություններում։ Ընդ որում, քաղաքի հիմնական ընդդիմադիր ուժը, պարզվել է, ոչ թե նախկին նախագահներ Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին հավատարիմ կազմակերպություններն են, այլ Կոմունիստական կուսակցությունն է, որի առաջին համարը Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է։
Ինչպես ng.ru-ի հետ զրույցում ասել է Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանը, Գյումրու իրադարձություններն ավելի նշանակալի իրադարձությունների նախաբանն են, բոլորը համոզվեցին, որ «նախկինները» կարող են հաղթել և վերադառնալ։ «Արդյունքը սպասելի էր, քանի որ, ըստ բոլոր հարցումների, ՔՊ–ն հաղթելու շանսեր չուներ: Իշխանությունները հենվել են տարբեր մանիպուլ յատիվ մեթոդների վրա, երբեմն ոչ ամբողջովին օրինական, որպեսզի հասնեն ընդդիմության շարքերում պառակտման:
Սակայն մենք տեսանք, որ ՔՊ–ի ժողովրդականությունն այնքան ցածր է, որ նույնիսկ վարչական ռեսուրսների և այլ մեթոդների զանգվածային օգտագործումը, որից Փաշինյանը նախկինում հրաժարվում էր, երբ ընդդիմադիր էր, թույլ չտվեցին նրան մեծամասնություն ստանալ։ Այժմ ընդդիմությունը պետք է համախմբվի և սկսի համագործակցել, որպեսզի ամրապնդի հաջողությունը»,-կարծիք է հայտնել Խալաթյանը։
Կովկասի ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Իսկանդարյանը համաձայն է, որ ՔՊ–ն գործնականում հնարավորություն չուներ ստանալու ընտրողների ձայների 50 %-ից ավելին։ Այդ առումով էլ իշխող կուսակցությունը թույլ տվեց իր հիմնական սխալը, երբ որոշեց գնալ արտահերթ ընտրությունների։ «Իհարկե, Գրիգորյանն ու Ղուկասյանը չափազանց կոնկրետ համբավ ունեն, բայց մարդիկ պատրաստ են քվեարկել նույնիսկ նրանց օգտին։ Մենք տեսանք բողոքի քվեարկություն մի քաղաքում, որը միշտ ընդդիմադիր է եղել: Ընտրողներին, սկզբունքորեն, չի հետաքրքրել, թե ում օգտին կքվեարկեն, միայն թե դա դեմ լինի ՔՊ–ին։ Հետևաբար, այս դեպքում ոչ թե ընդդիմությունն է հաղթել, այլ պարտվել է իշխանությունը»,- ng. ru-ի հետ զրույցում ասել է Իսկանդարյանը։
Նրա կարծիքով, այս պատմությունը որոշ չափով կարող է կրկնվել խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Սակայն Հայաստանի մարզերը շատ տարբեր են, և ՔՊ–ն ամեն տեղ չի պարտվի։ Օրինակ՝ Արարատյան դաշտում իշխանությունները այնքան էլ վատ վիճակում չեն։ Բացի այդ, իշխանությունները կարող են բարելավել իրենց իմիջը՝ ճանապարհներ վերանորոգելով, դպրոցներ կառուցելով և այլն։ «Միևնույն ժամանակ, ակնհայտ դարձավ, որ Գյումրիում չաշխատեցին «Հայաստանին պատերազմի տանող ընդդիմության» և «դեպի Եվրոպա տանող ՔՊ–ի» մասին պատմությունները։ Թերևս դա ավելի արդիական կլինի Երևանում։ Բայց, ընդհանուր առմամբ, ՔՊ–ի վստահության վարկանիշը անկում է ապրում ամբողջ երկրում»,- եզրափակել է փորձագետը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում