Փաշինյանի կուսակցությունը կորցնում է իշխանությունը. ի՞նչ է դա նշանակում Ռուսաստանի համար
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ըստ հայկական լրատվամիջոցների Գյումրիում և Փարաքարում ՏԻՄ ընտրությունների արդյունքները ցնցել են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Քաղաքը, որտեղ տեղակայված է ռուսական ռազմաբազան, այսուհետ կունենա ընդդիմադիր քաղաքապետ։ News.ru-ի հետ զրույցում փորձագետները պնդում են, որ քվեարկության արդյունքները վկայում են Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի «վերջի սկիզբ»-ի և մոտ ապագայում երկրում իշխանափոխության մասին։ Ե՞րբ դա տեղի կունենա, ինչպե՞ս կփոխվի Հայաստանի արտաքին քաղաքականությունը և ի՞նչ կլինի Ռուսաստանի հետ հարաբերություններում։
Մարտի 30-ին ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարում և Գյումրիում տեղի են ունեցել ավագանու արտահերթ ընտրություններ։ Գյումրիում մասնակցել են վեց կուսակցություն և երեք կուսակցական դաշինք՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, արևմտամետ դաշինքի Եվրոպական դաշինքը և մի քանի այլ ընդդիմադիր կուսակցություններ, այդ թվում Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման կողմնակիցներ: Ըստ նախնական արդյունքների ընդդիմությունը (Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, Մայր Հայաստանն ու Մեր քաղաքը) ստացել են ավագանու 33 մանդատներից 16-ը։ Իսկ Փարաքարում ընդդիմադիր «Միասնություն» դաշինքի թեկնածուն ստացել է ձայների 58 տոկոսն առաջ անցնելով իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցչից։ Հայաստանի օրենսդրության համաձայն, եթե ավագանու ընտրությունների արդյունքներով կուսակցություններից մեկը ստանում է մանդատների 50 %-ից ավելին, ապա ընտրված քաղաքապետ է համարվում նրա ցուցակը գլխավորող թեկնածուն։ Եթե որևէ մեկը չի ստանում ավագանու մանդատների 50 %-ից ավելին, քաղաքապետն ընտրվում է ավագանու անդամների գաղտնի քվեարկությամբ։ Դա նշանակում է, որ այժմ Գյումրիի նոր քաղաքապետ ընտրելու համար իշխող կուսակցությունը պետք է կոալիցիա կազմի ընդդիմության հետ, որը քիչ հավանական է։
Իսկ ինչո՞ւ Գյումրիում նշանակվեցին արտահերթ ընտրություններ: Գյումրիում արտահերթ ընտրությունները նշանակվել են անցած տարվա հոկտեմբերին ընդդիմադիր «Բալասանյան» դաշինքը ներկայացնող քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի հրաժարականից հետո։ Դաշինքի առաջնորդ Սամվել Բալասանյանը Գյումրիի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 2012-ից 2021 թվականներին։ 2024 թվականին Հայաստանի իրավապահ մարմինները նրա դեմ քրեական գործ են հարուցել կոռուպցիայի և պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքով, և Բալասանյանը հեռացել է երկրից ձերբակալությունից խուսափելու համար։ Բալասանյանի հրաժարականից հետո նրա համախոհների և «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչների պայմանավորվածության արդյունքում քաղաքապետ դարձավ նրա հովանավորյալ Սամսոնյանը։ Սակայն իշխող կուսակցության ճնշման տակ Սամսոնյանը նույնպես ստիպված եղավ հրաժարական տալ, ինչը հանգեցրեց նոր ընտրությունների նշանակմանը։ Քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց իշխող կուսակցության ներկայացուցիչ Սարիկ Մինասյանը։
Գյումրիում սեփական մարդուն նշանակելու Փաշինյանի կուսակցության գաղափարն այս անգամ էլ ձախողվեց, news.ru-ի հետ զրույցում ասել է հայ քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։ Նրա խոսքով, իշխանությունների բախտը չբերեց ընտրություններում մեծ մասնակցության պատճառով, ինչն ակնհայտորեն նրանց դեմ աշխատեց։ Քաղաքագետը նաև նշել է, որ Փաշինյանի կուսակցությունը երբեք չի հաղթել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, բացառությամբ Երևանի 2018 թվականի ընտրությունների, երբ ՔՊ–ն նոր էր իշխանության։ «Նման քվեարկության մեջ հիմնական դերը կատարում են տեղական հեղինակությունները կամ գործարարները, և նրանք, որպես կանոն, կա՛մ չեզոք են, կա՛մ ընդդիմադիր, հետևաբար իշխանություններն անընդհատ հետապնդում են ՏԻՄ ներկայացուցիչներին, օրինակ Գյումրիի ընտրությունները տեղի ունեցան, քանի որ ճնշում էր գործադրվում գործող քաղաքապետի վրա։ Իշխանությունը ցանկանում էր իր մարդուն նշանակել, բայց այդ սխեման չաշխատեց», - նշել է Միքայելյանը:
Նրա խոսքով երկրում Փաշինյանի աջակցության մակարդակն ընկնում է: «Ակնհայտ է, Գյումրիում կա ռուսական ռազմաբազա, որն ազդում է տարածաշրջանի տնտեսության վրա, ինչը չէր կարող չանդրադառնալ քվեարկության արդյունքների վրա, ընդ որում արևմտամետ կողմնորոշումը չաշխատեց»,- հավելել է քաղաքագետը։
Ինչո՞ւ էին Գյումրիի ընտրությունների արդյունքներն այդքան կարևոր Փաշինյանի համար: Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաք Գյումրին առանձնահատուկ նշանակություն ունի Փաշինյանի համար։ Ինչպես նշում են վերլուծաբանները, եթե 2018 թվականին նա այնտեղ հեշտությամբ հավաքեց ավելի քան 60 տոկոս, ապա այժմ նրա կողմնակիցները կարողացան ստանալ ընդամենը մոտ 35 տոկոս։ Ավելին, ավագանի անցած թեկնածուների թվում կան Ռուսաստանի հետ ամուր հարաբերությունների վերականգնման կողմնակից քաղաքական գործիչներ, այդ թվում նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Ինչպես գրում են հայկական լրատվամիջոցները, դա վկայում է երկրի ներկայիս ղեկավարության ընթացքից բնակչության աճող հիասթափության մասին։
Ուստի զարմանալի չէ, որ ընտրություններն անցել են կատաղի մրցակցության պայմաններում։ Քվեարկության նախօրեին ուժայինները, առանց որևէ բացատրության, խուզարկություններ են կատարել ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Մայր Հայաստան» դաշինքների շտաբներում։ Այդ գործողությունները, ըստ դիտորդների, միայն մեծացրել են բողոքի տրամադրությունները: «Կային հաղորդագրություններ հսկայական կեղծիքների, վարչական ռեսուրսի կիրառման մասին, բայց չնայած դրան, ինչպես ցույց տվեցին արդյունքները, Հայաստանի ներկայիս վարչապետին հաջողվեց հավաքել ձայների միայն մեկ երրորդը, ինչը, անշուշտ, մեծ ազդեցություն կունենա երկրի ներքին իրավիճակի վրա»,- news.ru-ի հետ զրույցում ասաց «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։ Նա կարծիք է հայտնել, որ Փաշինյանի կուսակցությունը պարտվել է, քանի որ նրա քաղաքականությունը «ոչ լեգիտիմ է և անընդունելի հայ ժողովրդի համար»։
Փաշինյանն իր կուսակցության պարտությանը բավականին զուսպ է արձագանքել: Նա նշել է, որ քաղաքացիներն ունեն ազատ ընտրության իրավունք, որն օրենք է իշխանությունների համար։ Բայց նա նաև կոչ է արել հետաքննել քվեարկության արդյունքները։ «Ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցության բոլոր հաղորդումները պետք է մանրակրկիտ հետաքննվեն ապագայում դրանց կրկնությունը կանխելու առաջնահերթ նպատակով»,- նշել է Փաշինյանը։
«Հրապարակ» թերթի տեղեկություններով Հայաստանի վարչապետն առաջիկայում ծրագրում է արմատական զտումներ իրականացնել իշխող կուսակցությունում։ Փաշինյանն այդ կերպ ցանկանում է ցույց տալ, որ դժգոհ է իր թիմակիցներից և կատարում է իր նախընտրական խոստումը։ Նա հույս ունի, որ իր մերձավոր շրջապատից մի շարք գործիչների զոհաբերելով 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ կկարողանա բարձրացնել իր վարկանիշը, գրում են հայ լրագրողները։
Նշենք, որ Փաշինյանի կուսակցության առաջադրված թեկնածուների հետ ընտրություններին մասնակցած եվրոպամետ դաշինքը ևս տապալվել է, քանի որ հակառուսական դիրք էր գրավել։ Ռուսաստանն ու Հայաստանը դաշնակիցներ են, ուստի պետք է կատարեն միմյանց հանդեպ իրենց պարտավորությունները, բայց միևնույն ժամանակ չմոռանան ազգային շահերը, NEWS.ru-ի հետ զրույցում ասել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։
«Բնակչության մեծամասնությունը շատ հստակ տրամադրություն ունի, հանուն ինչ-որ անհասկանալի եվրոպական հարաբերությունների մենք չենք կարող խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ հաշվի առնելով այն, որ մեզ կապում է դարավոր պատմությունը: Հայաստանն ու Ռուսաստանը գործնականում գոյություն ունեն միասին: Մարդկանց մեծամասնությունը դա հիանալի հասկանում է: Նորմալ ընտրողը կողմ է, որ Ռուսաստանի հետ միությունը միայն ուժեղանա»,- ընդգծել է Սարգսյանը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը