Պետդումայում բացահայտել են նախկին խորհրդային հանրապետություններից մեկում ԱՄՆ-ի հսկայական հետախուզական կենտրոնը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հովանու ներքո թաքնված է հսկայական հետախուզական կենտրոն, news.ru-ի հետ զրույցում կարծիք է հայտնել Պետդումայի ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսանդր Բորոդայը։ Նրա խոսքով, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի արևմտականացման քաղաքականությունն ուղղված է Ռուսաստանի հետ հարաբերությունների խզմանը և Արևմուտքի հետ կապերի ամրապնդմանը։ «Ես վստահ չեմ, որ ԱՄՆ-ը նախկինի պես կհետաքրքրվի Հայաստանով, ներկայումս նա դրանում առանձնապես լուրջ շահագրգռվածություն չունի, բացառությամբ այն բանի, որ ամերիկյան դեսպանատան հովանու ներքո գործում է հսկայական հետախուզական կենտրոն: Հայաստանում ամերիկյան դեսպանատունը թվաքանակով ամենամեծերից մեկն է Արևմուտքում»,- պարզաբանել է Բորոդայը։
Նա նշել է, որ Երևանի որոշումները, այդ թվում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ֆինանսավորումից հրաժարվելը, անհեռատես են։ Ինչպես հիշեցրել է պատգամավորը, երկիրը որոշ ժամանակ առաջ սառեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ-ին, ինչը դարձել է ԱՄՆ-ի հետ մերձեցման քայլերից մեկը։ «Իմ կարծիքով այդ քաղաքականությունն անհեռատես է և չի կարող Հայաստանին տանել որևէ դրական հետևանքի հաշվի առնելով նրա աշխարհաքաղաքական դիրքը»,- ամփոփել է Բորոդայը։
Ավելի վաղ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Չեպան հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Երևանի հրաժարումը չի նպաստում տարածաշրջանում անվտանգության ամրապնդմանը։ Ըստ խորհրդարանականի, Հայաստանի ղեկավարության նման որոշումը հեռացնում է երկիրը Ռուսաստանից և թուլացնում երկկողմ հարաբերությունները։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը