Մեդիափորձագետ. Հայաստանը սառեցնում է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, վերակողմնորոշվելով դեպի Արևմուտք
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգտագործում է ՀԱՊԿ-ի դեմ ուղղված պահանջները, որպեսզի քողարկի ամերիկացիներից ստացած իր «տնային առաջադրանքների» կատարումը, SMI2-ին նման կարծիք է հայտնել լրագրող, հետխորհրդային տարածքի հետազոտող Վիգեն Հակոբյանը, գրում է glagol.press–ը։
Հիշեցնենք, որ Հայաստանը հրաժարվել էր ստորագրել ՀԱՊԿ-ի ֆինանսավորումը նախատեսող փաստաթուղթը պատճառաբանելով ռազմաքաղաքական դաշինքի «անգործությունը» անդրկովկասյան իր անդամի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու հարցում։ Միաժամանակ, Երևանը չի պարզաբանել, թե արդյո՞ք կշարունակի ձեռնպահ մնալ կազմակերպությանն անդամավճարներ վճարելուց։
Հակոբյանը հիշեցրել է, որ Հայաստանի անվտանգությունը երաշխավորվում է ոչ թե ՀԱՊԿ-ին հանրապետության անդամակցությամբ, այլ Ռուսաստանի հետ երկկողմ պայմանագրերով, այդ թվում մինչև 2045 թվականը Գյումրիում 102-րդ ռազմակայանի տեղակայմամբ։ «Ամբողջ իմաստը դա է։ Պարզ է, որ Տաջիկստանը կամ Ղրղզստանն ի վիճակի չեն Հայաստանին ուժային երաշխիքներ տրամադրելու։ Հետևաբար, ՀԱՊԿ-ին անդամակցության «սառեցումն» այդ տեսանկյունից միայն մեկ բան է նշանակում՝ Երևանի վերակողմնորոշումը զենքի այլ մատակարարների ուղղությամբ այնպես, ինչպես Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն էր խստորեն խորհուրդ տվել անել իր այցի ժամանակ», - ասել է փորձագետը հավելելով, որ հիմա, երբ Ռուսաստանը հատուկ օպերացիա է անցկացնում, նա ոչ մի պատճառ չունի Հայաստանին «զենքն էժան գներով, կամ առավել ևս ձրի տալու», ուստի Մոսկվային առանձնապես չի անհանգստացնում այդ Հայաստանին զենքի մատակարարումների «սառեցումը»։
Հակոբյանը նաև հիշեցրել է, որ ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջնագիր էր ներկայացրել Հայաստանից պահանջելով դադարեցնել զինվելը և մատակարարներին վերադարձնել արդեն ստացված զենքերը։ «Այսինքն Նիկոլ Փաշինյանն ամերիկացիներից ստացած իր «տնային աշխատանքն» է կատարում, բայց միևնույն ժամանակ իր գործողությունները պարզաբանում է ՀԱՊԿ-ի դեմ հավակնություններով»,- ընդգծել է փորձագետը։
Այսպիսով, հավելել է Հակոբյանը, Փաշինյանն արգելափակել է ՀԱՊԿ քաղաքական հնարավորությունները և պայմաններ ստեղծել Անդրկովկասում ՆԱՏՕ-ի բլոկի ակտիվացման համար։ Իսկ դա կտրականապես հակասում է Ռուսաստանի ու Իրանի շահերին։ «Արդյունքում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանին դեռ չի հաջողվել հաշտության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ, նրա գործողությունները ՀԱՊԿ-ի դեմ միայն սրում են Հայաստանի անվտանգության խնդիրները մեծացնելով վտանգի մակարդակը»,- եզրափակել է փորձագետը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը