«Նրանցից ստորություններ էի սպասում». ռուս կինը գնացել է Հայաստան ու ապշել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Մի ռուս կին այցելել է Հայաստանի մայրաքաղաք Երևան և զարմացել, թե ինչպես են իրեն ընդունել տեղի բնակիչները։ Նա ակնկալում էր, որ ճանապարհորդության ընթացքում ավելի շատ դժվարությունների կհանդիպի, գրում է abnews.ru–ն:
Նրա ծանոթությունը Երևանի հետ սկսվել է ժամանակակից օդանավակայանից։ Զբոսաշրջիկի համար բացահայտում էր այն, որ Հայաստանում կա ռուսական տաքսի հավելված, և վճարումը կարելի է կատարել քարտով։ «Հարմարավետություն» անվանակարգում մայրաքաղաքի կենտրոն հասնելն արժեցել է մոտ 700 ռուբլի։
Հայաստանի մայրաքաղաքն աղջկան թվացել է գեղեցիկ ու բարեկարգ քաղաք։ Նա նշել է, որ խորհրդային շրջանի շենքերի կողքին կառուցվել են բազմաթիվ ժամանակակից շենքեր։ Եվրոպական խոհանոց մատուցող ռեստորանները շատ են, իսկ ազգային ուտեստները մատուցվում են մեծ չափաբաժիններով: Ռուս կնոջը Երևանում բացարձակապես դուր չեն եկել ճանապարհների անխոհեմ վարորդները: Իսկ ամենատպավորիչը հենց հայերն են եղել։
«Երբ ես առաջին անգամ եկա, բոլոր տեղացիներն ինձ չափազանց բարի թվացին, և ես նրանցից ինչ-որ ստորություն էի սպասում: Բայց ինչքան շատ էի խոսում, այնքան հասկացա, որ նրանք պարզապես հյուրասիրության զարգացած մշակույթ ունեն, և մեզ՝ ռուսներիս, ջերմությամբ են վերաբերվում, քանի որ մեզ իրենց հարազատներն են համարում»,- նշել է զբոսաշրջիկը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը