«Զորավարժություններ ենթատեքստով»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Առաջին անգամ հայ-իրանական սահմանին տեղի են ունեցել երկու երկրների հատուկ նշանակության ուժերի համատեղ զորավարժություններ։ Զորավարժությունները ոչ միայն ռազմական համագործակցության նոր քայլ են, այլ նաև ազդանշան հարևաններին, Հայաստանը վերանայում է իր դաշնակիցներին, իսկ Իրանը «կարմիր գծեր» է գծում, գրում է novayagazeta.eu–ն։
Զորավարժությունները տեղի են ունեցել ապրիլի 9-10-ը 44 կիլոմետրանոց հատվածում, որտեղ ռուս սահմանապահները հերթապահել էին մինչև հունվարի 1-ը: Նրանց դուրսբերումը տեղի է ունեցել 2024 թվականի հոկտեմբերին Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում: Ֆորմալ առումով դա ինքնիշխանության դրսևորում էր, սակայն փորձագետները չեն բացառում, որ խոսքն իրականում ոչ թե Երևանի նախաձեռնության, այլ Մոսկվայի Հարավային Կովկասի նկատմամբ հետաքրքրության թուլացման մասին է։
Իրանի հետ սահմանը կարճ է, բայց Հայաստանի համար ռազմավարական, հատկապես հաշվի առնելով, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանները փաստացի մնում են փակ: Այս պայմաններում էլ երկիրն այլընտրանքներ է փնտրում, և Իրանի հետ համագործակցությունը ոչ այնքան ընտրություն է, որքան հարկադրված միջոց։ Նախկինում Հայաստանի և Իրանի պաշտպանության ոլորտում համագործակցությունը սահմանափակվում էր պատվիրակությունների այցելություններով, փորձի փոխանակմամբ, փակ խորհրդակցություններով։
Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է իրանագետ Էհսան Մովահեդյանը, համատեղ զորավարժությունները ճանապարհ են բացում անվտանգության ոլորտում համագործակցության սերտացման համար: Նա նաև հավելել է, որ զորավարժությունները երկար բանակցությունների արդյունք են, որոնք սկսվել են դեռ 2024 թվականին, սակայն հետաձգվել են Նովրուզի տոնակատարության պատճառով։ Ամսաթվի ընտրությունը ևս, ըստ նրա, պատահական չէ, դա Հայաստանի վրա հարևանների ճնշումների աճի, այդ թվում Ադրբեջանի ՊՆ ապատեղեկատվության քարոզարշավի, ֆոնին է եղել: Մովահեդյանը կարծում է, որ այս զորավարժությունները սոսկ ռազմական իրադարձություն չեն, այլ հստակ քաղաքական ազդանշան։
«Իրանը ցույց է տալիս, որ ձգտում է խաղաղության և կայունության, սակայն նրա կարմիր գծերը՝ հայ-իրանական սահմանի անձեռնմխելիությունը և Սյունիքի անվտանգությունը, մնում են անփոփոխ։ Ամեն անգամ, երբ Բաքուն ռազմական սադրանք է նախապատրաստում, նա հայտարարում է, որ Հայաստանն իբր խախտել է հրադադարը։ Բոլորն են հասկանում, որ դա ապատեղեկատվություն է։ Այդ իսկ պատճառով նման զորավարժությունները կարևոր են ցույց տալու համար, որ Թեհրանը լրջորեն է տրամադրված իր կարմիր գծերը պաշտպանելու հարցում»,- ասել է նա։
Իրանագետը նաև հերքել է այն միտքը, որ Իրանում իշխանափոխությունը կարող է ազդել Իրանի կովկասյան քաղաքականության վրա: «Այս դիրքորոշումներն ամրագրված են երկրի պաշտպանական դոկտրինում։ Դրանք չեն փոխվում կառավարությունների հետ։ Բոլորը պետք է հասկանան, որ Իրանի սահմանը Հայաստանի հետ ռազմավարական անվտանգության հարց է»,– ասել է նա։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ գեներալ Վալիոլլահ Մադանին էլ իր հերթին նշել է, որ զորավարժություններն անցկացվել են տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման շահերից ելնելով: Ըստ նրա երկու երկրների միջև սահմանային տարածքները ռազմավարական նշանակություն ունեն հաշվի առնելով դրանց «զգայուն դիրքը»:
Հայաստանի և Իրանի համատեղ զորավարժությունները տեղի են ունեցել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ քննարկումների հերթական ալիքի ֆոնին։ Ադրբեջանը պահանջում է Հայաստանի Սյունիքի մարզով Նախիջևան տանող անարգել ցամաքային ուղի։ Երևանում դա դիտվում է որպես արտատարածքային տարանցում պարտադրելու փորձ, որը սպառնում է ինքնիշխանությանը։ Թեհրանը պարբերաբար շեշտում է, որ Հարավային Կովկասում սահմանների ցանկացած փոփոխություն Իրանի համար «կարմիր գիծ» է։ Թեև պաշտոնական Բաքուն պնդում է, որ խոսքը գնում է միայն 2020 թվականի համաձայնագրերի շրջանակներում ամրագրված տրանսպորտի հասանելիության մասին, բայց գործնականում ավելի ու ավելի է օգտագործում ռազմական հռետորաբանություն։ Դա հատկապես նկատելի է նրա սահմանին փոխհրաձգությունների մասին հայտարարությունների ֆոնին, որոնք Երևանը հերքում է դա անվանելով ապատեղեկատվություն և «ճնշումների համար տեղեկատվական ֆոն պատրաստել»։ Երևանի որոշ վերլուծաբաններ կարծում են, որ Բաքուն օգտագործում է դա որպես ճնշման գործիք և միջոց, ոորպեսզի հետաձգի խաղաղության պայմանագրի ստորագրումը։
Թեհրանի դիրքորոշումը ևս հարցեր է առաջացնում, մի կողմից Իրանը հայտարարում է Հայաստանի կայունությանն ու տարածքային ամբողջականությանն իր հավատարմության մասին, մյուս կողմից վերջերս Ադրբեջանի հետ համատեղ զորավարժություններ է անցկացրել։ Այսպիսով, Թեհրանը շարունակում է հավասարակշռել իր երկու հարևանների միջև փորձելով ուղղակիորեն չներքաշվել նրանց առճակատման մեջ։ Այնուամենայնիվ, Հայաստանի հետ այս ցուցադրական սահմանափակ մասշտաբով վարժանքը, ընկալվում է որպես ազդանշան, Իրանը պատրաստ է ցույց տալ իր ներկայությունը տարածաշրջանում։ Բայց հարց է այն, թե արդյո՞ք նա պատրաստ է գործնական գործողությունների: Հարցը մնում է բաց:
Հայ-իրանական համատեղ զորավարժությունները ոչ միայն մարտավարական զորավարժություններ են, այլ նաև քաղաքական ժեստ, որը նախատեսված է միաժամանակ մի քանի լսարանի համար։ Օրինակ Բաքվի համար դա ազդանշան է ընդունելի ճնշման սահմանների մասին, առաջին հերթին Զանգեզուրի հարցի համատեքստում։ Այնուամենայնիվ զորավարժությունների մասշտաբները նվազագույն էին, դրանց ռազմական նշանակությունը պայմանական, և հենց ձևաչափը (յուրաքանչյուր բանակ իր տարածքում) ավելի շատ խոսում է կողմերի անտեսանելի գիծը չհատելու ցանկության, քան լիարժեք ռազմավարական դաշինքի մասին։ Առայժմ դա ավելի շատ խորհրդանիշ է, քան գործիք:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը