Ծանոթ ու միաժամանակ անհայտ …ամերիկյան բիլիարդ
ՖՈՏՈ
Ընդհանրապես, բիլիարդն ինքնին բավականին հնագույն խաղ է, դրա մասին առաջին հիշատակումները վերաբերում են 1469 թվականին։ Ինչ վերաբերում է ամերիկյան բիլիարդին (պուլ բիլիարդ), ապա այն ծագել է ԱՄՆ–ում։ Համեմատած դասական բիլիարդի հետ՝ ամերիկյան պուլ բիլիարդը համեմատաբար երիտասարդ խաղ է: Շատ կարևոր է այն չշփոթել «ամերիկանկայի» հետ, քանի որ վերջինը ռուսական բիլիարդի տեսակ է։ Ամերիկյան բիլիարդը, որն ունի երկդարյա պատմություն, նախատեսված է խաղացողների արագ խաղի և գնդակների հեշտ գցման կարիքները բավարարելու համար: Սակայն առաջին 30-ից ավելի տարիների ընթացքում սարքավորումների, լուզայի՝ գրպանի չափսերի կամ խաղային սեղանների չափորոշիչներ չկային: Բացի այդ, կանոնները հաճախ փոխվում էին: Դա շարունակվել է մինչև 1857 թվականը, երբ Մայքլ Ֆելանն արտոնագրել է սեղանների և գրպանների պարամետրերը, ինչպես նաև խաղի հիմնական կանոնները։ Պուլում գրպաններն իրենց չափերով ավելի մեծ են, քան գնդերը։ Դա էլ մնում է ստանդարտ ամերիկյան բիլիարդի համար:
«Պուլ» բառը գալիս է ֆրանսերենից։ Դա նշանակում է «բանկ», «խաղադրույք» կամ նույնիսկ «փամփուշտ», և այդ բառը ոչ մի կապ չունի բիլիարդի հետ։ Այդ բառը կապված է բոլորովին այլ մոլախաղերի հետ՝ պոկեր, ձիարշավ: Ուղղակի այն սենյակներում՝ «պուլ»–երներում, որտեղ խաղացողները խաղադրույքներ էին կատարում, սկսել են տեղադրել բիլիարդի սեղաններ, որպեսզի մարդիկ կարողանան հաճելի ժամանակ անցկացնել մրցումների արդյունքներին սպասելիս: Այդ պահից էլ բիլիարդի այդ տեսակը ստացել է «պուլ» անվանումը՝ ըստ տեղակայման սենյակի:
Առաջին օրերին պուլ բիլիարդը նման էր «ռուսական» բիլիարդին, և խաղն ավարտվում էր, երբ խաղացողը վաստակում էր 61 միավոր: Միավորները շնորհվում էին ըստ գրպանված գնդերի քանակի։ Այնուամենայնիվ, ժամանակի ընթացքում նոր կանոններ և տարբերակներ էին անընդհատ հորինվում: Ներկայումս պուլ բիլիարդի առավել հանրահայտ տեսակը «Ութ գունդ»–ն է: Բացի դրանից կան ամերիկյան բիլիարդի երկու տասնյակից ավելի տեսակներ՝ ինչպես սիրողական, այնպես էլ մրցաշարային:
Ամերիկյան բիլիարդի զարգացման պատմությունն առանձնացնում է խաղի զարգացման 3 հիմնական շրջան: Վաղ շրջանը 1847-1870 թվականներն են: Այդ տարիներին է խաղը վերափոխվել: ԱՄՆ-ի խաղացողներն աստիճանաբար սկսել են հեռանալ ավանդական բիլիարդից՝ ստեղծելով իրենց յուրահատուկ խաղը։ Դասական պուլ բիլիարդի ժամանակաշրջանն է 1871-1949 թվականները: Այդ փուլում այն ձեռք է բերել իր «ամերիկյան առանձնահատկությունները»։ Խաղը տեղափոխվել է 10 ոտնաչափանոց սեղան, իսկ գրպանները դարձել են 4 դյույմ, ինչը, ի վերջո, այդ խաղը դարձրել է ավելի դժվար և ավելի քիչ զվարճալի: Հետո եկել է ժամանակակից պուլ բիլիարդի շրջանը: Ամերիկյան բիլիարդի կոնգրեսն է իսկական հեղափոխություն բերել այդ խաղում, որն արագորեն կորցնում էր ժողովրդականությունը։ Գրպանների լայնացման (դրանք դարձել են 5 դյույմ), սեղանի նոր չափի (9 ոտնաչափ երկարություն և 4,5 լայնություն) անցնելու շնորհիվ ամերիկյան բիլիարդը դարձել է ավելի արագ և տպավորիչ, ինչը վերածնել է նրա նախկին ժողովրդականությունը:
Իսկ 1980-ականները եղել են ոսկե դարաշրջան են պուլ բիլիարդի համար: Այդ տարիներին է աշխարհը ծանոթացել այդ խաղի բազմաթիվ աստղերի ու լեգենդների հետ։ Բացի այդ, խաղի հանրահռչակմանը մեծապես նպաստել են ֆիլմերը, որտեղ հերոսները բիլիարդ են խաղում: Սկսվել են անցկացվել պուլ բիլիարդի պաշտոնական մրցաշարեր, որոնք հեռարձակվել են հեռուստատեսությամբ:
Ներկայումս պուլ բիլիարդը հայտնի է նրանով, որ այն մի կողմից պրոֆեսիոնալ սպորտ է, իսկ մյուս կողմից՝ պարզապես ժամանց։ Ավելին, դժվար է գտնել մեկ այլ խաղ, որտեղ մարդ կարող է բացահայտել իրեն բոլոր առումներով։ Այդ խաղում բացահայտվում են մարդու ֆիզիկական և ինտելեկտուալ հմտությունները, ինչպես նաև գեղարվեստական կարողությունները: Այդ խաղը նաև օգնում է ամրապնդել հոգեկան կայունությունը, լավ ժամանակ անցկացնել և գործնական կապեր հաստատել կոմերցիոն բանակցությունների ժամանակ։
Կ. Խաչիկյան
