ԵԱՏՄ-ն որպես հենարան. Սամվել Կարապետյանը նախանշել է Հայաստանի տնտեսական առաջնահերթությունները
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ապրիլի 12-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայ ձեռներեցների ասոցիացիայի բիզնես ֆորումը։ Միջոցառմանը մասնակցել են երկու հարյուր գործարարներ, փորձագետներ և հասարակական գործիչներ Հայաստանից և Ռուսաստանից, գրում է mk.ru–ն:
Մասնակիցները գնահատել են ՀՁԱ-ի աշխատանքը և ներկայացրել ասոցիացիայի հետագա զարգացման կանխատեսումները: Բանախոսների թվում են եղել Եվրասիական զարգացման բանկի ավագ գործադիր տնօրեն Սերգեյ Իգնատովը, Heritage and Progress հիմնադրամի նախագահ Արմայս Կամալովը, Սոչիի քաղաքային ժողովի պատգամավոր Սոս Մարտիրոսյանը և Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս Ներսիսյանը։
Ֆորումի հիմնական թեման եղել է հայկական բիզնեսի հեռանկարները ժամանակակից աշխարհաքաղաքական պայմաններում։
Միջոցառման բացմանը ՀՁԱ–ի նախագահ և «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը ներկայացրել է գործարար համայնքի ներկայիս առաջնահերթությունները։ «Այս անհանգիստ ժամանակներում մենք տեսնում ենք, թե ինչպես են Ռուսաստանում հայ ձեռներեցները ոչ միայն ամրացնում իրենց դիրքերը, այլ նաև ակտիվորեն աջակցում իրենց պատմական հայրենիքին՝ ստեղծում աշխատատեղեր, ներդրումներ կատարում առանցքային ոլորտներում և նպաստում Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը, որը մեր ուժն է»,- ասել է նա ավելացնելով, որ 2024 թվականին ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը հասել է 12,7 միլիարդ ԱՄՆ դոլարի, իսկ ԵՄ-ի հետ առևտուրը նվազել է 14 տոկոսով՝ հասնելով 2 միլիարդ դոլարի։ «ԵԱՏՄ-ից դուրս գալու և դեպի Եվրամիություն վերակողմնորոշվելու փորձը կարող է հանգեցնել լուրջ տնտեսական հետևանքների: Դա միայն քաղաքական որոշում չէ, դա տնտեսության առանցքային ոլորտների գոյատևման հարց է: Պետք է հստակ հասկանալ, որ այդ ուղղությամբ ցանկացած քայլ պետք է հաշվարկվի ոչ թե էմոցիաների, այլ իրական ազգային շահերի հիման վրա»,- համոզված է Կարապետյանը։
ՀՁԱ–ի ղեկավարի խոսքով, այսօր Ռուսաստանն է առանցքային դեր խաղում Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման գործում։ «Գազն ու նավթամթերքը մատակարարվում են կայուն՝ Հայաստանի համար բարենպաստ պայմաններով։ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում մատակարարումների կարգավորման միասնական մեխանիզմները կդադարեն գործել, և էներգակիրների գները կարող են զգալիորեն աճել»,- ասել է նա։
Կարապետյանն, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է ներդրումների խնդրին։ Այսօր Ռուսաստանը պահպանում է Հայաստանում խոշորագույն ներդրողի կարգավիճակը մասնակցելով նոր ձեռնարկությունների և աշխատատեղերի ստեղծմանը։ Նա բիզնեսին և փորձագիտական հանրությանը կոչ է արել ակտիվորեն ամրապնդել այդ ռազմավարական դաշինքը։
Խոսելով երկու երկրների միջև մշակութային և հումանիտար կապերի կարևորության մասին ասոցիացիայի ղեկավարը ֆորումի մասնակիցներին հիշեցրել է, որ Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդներին կապում են դարավոր ջերմ հարաբերությունները։ «Մեր ժողովուրդներն ունեն ընդհանուր արժեքներ, բարեկամության և համագործակցության դարավոր ավանդույթներ։ Միլիոնավոր հայեր ապրում և աշխատում են Ռուսաստանում նպաստելով երկու երկրների զարգացմանը։ Ռուսաստանը մնում է արտերկրում հայկական սփյուռքի հիմնական երկիրը»,– ասել է ձեռնարկատերը։
Եզրափակելով իր ելույթը Կարապետյանը ֆորումի մասնակիցներին հիշեցրել է Հայաստանի արտաքին քաղաքականությունը հավասարակշռված զարգացնելու անհրաժեշտությունը։ «ԵՄ-ի հետ համագործակցությունը հնարավոր է և անհրաժեշտ, բայց ոչ ԵԱՏՄ-ում կորուստների գնով։ Մենք կարող ենք և պետք է խորացնենք մեր երկխոսությունը Եվրամիության հետ գործող համաձայնագրերի շրջանակներում չվտանգելով ռազմավարական շահերը և տնտեսական կայունությունը։ Համոզված եմ, որ Հայաստանի զարգացման ուղին պետք է ընտրել ոչ թե հույզերի ու գեղեցիկ խոստումների, այլ թվերի ու փաստերի հիման վրա։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ ևս տասնամյակների փորձարկումներ: Պետք է այնպիսի ճշգրիտ, կշռադատված որոշում կայացնել, որն արդյունք կտա և հիմք կստեղծի երկրի երկարաժամկետ աճի համար»,- ամփոփել է Հայ ձեռներեցների ասոցիացիայի նախագահը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը