Իրանը կամուրջ կդառնա Նախիջևանի և մայրցամաքային Ադրբեջանի միջև շրջանցելով Հայաստանը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
«Դեպի նոր աշխարհակարգ» միջազգային ֆորումի ժամանակ Իլհամ Ալիևը հայտարարել է Իրանով տրանսպորտային միջանցք կառուցելու ծրագրի մասին, որը Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը կմիացնի երկրի հետ շրջանցելով Հայաստանը։ Ինչո՞ւ է Բաքուն խաղադրույք կատարում Թեհրանի վրա, և ի՞նչ մարտավարություն է ընտրել Իրանը Երևանի և Բաքվի հետ հարաբերություններում, գրում է vestikavkaza.ru–ն։
Այս նախագիծը ոչ միայն խոստանում է լուծել Նախիջևանի մեկուսացման վաղեմի խնդիրը, այլև ունակ է փոխել Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական լանդշաֆտը։ Նախիջևանը 1990-ականներից տրանսպորտային շրջափակման մեջ է հայտնվել հայ-ադրբեջանական հակամարտության պատճառով: Ադրբեջանի մնացած տարածքից այնտեղ միակ ցամաքային ճանապարհն անցնում է Հայաստանի տարածքով, որը, չնայած Երկրորդ Ղարաբաղյան պատերազմին հաջորդած պայմանավորվածություններին, շարունակում է արգելափակել մուտքը։ Դա սահմանափակում է տարածաշրջանի տնտեսական զարգացումը և բարդացնում լոգիստիկան։ Այդ խնդիրը լուծելու նպատակ էլ ունի Իրանով այլընտրանքային ճանապարհի կառուցումը։ Արազ գետի վրայով արդեն ճանապարհային կամուրջ է կառուցվում, իսկ ապագայում կկառուցվի երկաթգիծ, որը կդառնա Հյուսիս-Հարավ միջազգային միջանցքի մաս։
Ինչո՞ւ է Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերություններում հավասարակշռություն պահպանող Իրանը գնում Բաքվի հետ մերձեցման.
-Թեհրանը հասկանում է նախագծի տնտեսական օգուտները: Իրանով անցնող տարանցիկ երթուղիները լոգիստիկայից եկամուտ կբերեն, կբարձրանա երկրի դերը որպես տարածաշրջանային հանգույց: Արևելյան Ադրբեջան նահանգը (Իրան), որով անցնելու է ճանապարհը, զարգացման խթան կստանա։
-Իրանում ապրում է մոտ 15 միլիոն ադրբեջանցի, որոնց համակրանքը Բաքվի նկատմամբ կարող է ազդել Թեհրանի քաղաքականության վրա։
-Իրանը շահագրգռված է Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռությամբ։ Իրանը ցանկանում է թույլ չտալ, որ Թուրքիան գերիշխի տարածաշրջանում, բայց նաև չի ցանկանում ամբողջությամբ խզել հարաբերությունները Հայաստանի հետ, որը շարունակում է մնալ ռազմավարական գործընկեր որպես ՆԱՏՕ-ի հակակշիռ: Նախագծին մասնակցությունը Թեհրանին թույլ է տալիս պահպանել ազդեցությունը երկու կողմերի վրա էլ։
Իսկ Երևանի համար նոր միջանցքը տագնապալի ազդանշան է: Հայաստանը, կորցնելով Ղարաբաղի նկատմամբ վերահսկողությունը, սպառնում է կորցնել իր լծակները Բաքվի վրա։ Եթե Նախիջևանը Հայաստանից անկախ մուտք ստանա դեպի մայրցամաքային Ադրբեջան, Երևանը կհայտնվի էլ ավելի մեկուսացված վիճակում: Սակայն Հայաստանը չի կարող բացահայտ բողոքել իրանա-ադրբեջանական համագործակցության դեմ:
Իրանի մարտավարությունը երկակի խաղ է, թե՞ պրագմատիզմ:
Իրանի մոտեցումը Բաքվի և Երևանի հետ հարաբերություններին կարելի է բնութագրել որպես «ճկուն չեզոքություն».
-Թեհրանը երկխոսություն է պահպանում Հայաստանի հետ անվտանգության հարցերի շուրջ, հատկապես տարածաշրջանում Ռուսաստանի ներկայության լույսի ներքո։ Հայաստանը Թուրքիայի ազդեցությանը հակազդելու Իրանի կարևոր օղակն է։
-Իրանն ակտիվացնում է տնտեսական համագործակցությունն Ադրբեջանի հետ (2024 թվականին առևտուրն աճել է 33,5 %-ով)։
Տրանսպորտային միջանցքի նախագիծն օրինակ է այն բանի, թե ինչպես է Իրանը շահում հակասություններից՝ առանց որևէ մեկի կողմը բռնելու։ Դա թույլ է տալիս Թեհրանին մնալ անփոխարինելի խաղացող բոլոր կողմերի համար:
Իսկ ի՞նչ հետևանքներ կլինեն Ռուսաստանի և Թուրքիայի համար.
-Թուրքիան՝ Ադրբեջանի գլխավոր դաշնակիցը, աջակցում է նախագծին, այն դիտելով որպես Եվրոպայից Կենտրոնական Ասիա տրանսպորտային միջանցքի՝ Զանգեզուրի միջանցքի մաս: Այնուամենայնիվ, Թեհրանի հետ Բաքվի կապերի ամրապնդումը կարող է անհանգստություն առաջացնել Անկարայում հաշվի առնելով Թուրքիայի և Իրանի տարածաշրջանում ազդեցության համար մրցակցությունը:
- Ռուսաստանը, որն ավանդաբար հանդես էր գալիս որպես հակամարտությունում միջնորդ, այժմ կանգնած է նոր մարտահրավերների առաջ։ Եթե Իրանն ու Թուրքիան ամրապնդեն իրենց դիրքերը տրանսպորտային ենթակառուցվածքներում, Մոսկվայի դերը որպես կայունության երաշխավոր կարող է նվազել։
Նախիջևանի շրջանցիկ ճանապարհի կառուցումը միայն ենթակառուցվածքային ծրագիր չէ: Դա քայլ է տարածաշրջանի վերաձևակերպման ուղղությամբ, որտեղ Ադրբեջանն ամրապնդում է իր ինքնիշխանությունը, Իրանն ընդլայնում է իր տնտեսական ազդեցությունը, իսկ Հայաստանը կորցնում է իր վերջին հաղթաթղթերը։
Թեհրանի մարտավարությունը պարզ է. հարևանների միջև հակասություններն օգտագործել ի շահ իր խուսափելով ուղղակի հակամարտություններից: Հարցն այն է, թե որքա՞ն ժամանակ Իրանը կարող է հավասարակշռել չդառնալով սեփական խաղի պատանդը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը