Ողբերգական գիշեր ՌԴ-ում․ զոհեր և վիրավորներ կան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Կուրսկի վրա հակառակորդի անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման հետևանքով զոհվել է խաղաղ բնակիչ, ևս ինը մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնում են տարածաշրջանային իշխանությունները։
«Այս գիշեր Կուրսկը ենթարկվել է հակառակորդի զանգվածային հարձակման: Քաղաքացիական ենթակառուցվածքներին թիրախավորված անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով մի քանի տներ հրդեհվել են: Ցավոք, 85-ամյա մի կին է մահացել... Եվս ինը մարդ վիրավորվել են, նրանք ստացել են բեկորային, գանգուղեղային վնասվածքներ, այրվածքներ»,- ասվում է տարածաշրջանային կառավարության Telegram– ալիքում:
Նշվում է, որ տուժածները հոսպիտալացվել են։ Զավոդսկայա փողոցի բազմաբնակարան շենքերից մեկում հրդեհից տուժել են 8-րդ և 9-րդ հարկերը. հրդեհը տեղայնացվել է Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից։ Շենքի բնակիչներն անհապաղ տարհանվել են և ներկայում գտնվում են ժամանակավոր կացարանում:
Հրդեհ է բռնկվել նաև Օրլովսկայա փողոցի բազմաբնակարան շենքի հինգ հարկերում և Վեսպրեմսկա փողոցում գտնվող շենքի հարկերից մեկում։ Այժմ այնտեղ աշխատում են շտապօգնության աշխատակիցներ։
Եվս երեք առանձնատուն տուժել է անօդաչու թռչող սարքի հարվածներից։ Հարձակումներից մեկը հարվածել է շտապօգնության ավտոպարկին՝ վնասելով 11 մեքենա։ Դեպքի վայրում աշխատում են արտակարգ իրավիճակների բոլոր ծառայությունները։
Կուրսկի մարզպետի պաշտոնակատար Ալեքսանդր Խինշտեյնը հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերի կողմից Զաբուժևկա գյուղի գնդակոծության հետևանքով երկու խաղաղ բնակիչ է զոհվել, ևս մեկը վիրավորվել է։