«Ձեր համբուրած էշին մեր դռանը մի կապեք». Սերժ Սարգսյանի ակնարկը՝ ընդդիմադիրներին
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանյան արմատական ընդդիմության միջև առկա հակասությունները ոչ միայն չեն կարգավորվում, այլ ավելի են սրվում։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ելույթ է ունեցել ՀՀԿ հիմնադրման 35-ամյակին նվիրված հոբելյանական նիստում, ծավալուն ելույթ է ունեցել, որի մի մասը նվիրել է գործող իշխանություններին, ՀՀԿ անելիքներին, նաև իշխանափոխությունից հետո կատարվելիք քայլերին։
Բայց ամենից ուշագրավ հատվածը վերաբերում է ներկայիս գործող ընդդիմադիրներին ուղղված ակնարկներին։ Թեև Սերժ Սարգսյանն անուններ չի նշում, սակայն ակնհայտ է, որ դա վերաբերում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նրա կողմնակիցներին, որոնք անխնա քննադատում են Սերժ Սարգսյանին, մեղադրում Նիկոլ Փաշինյանին բերելու մեջ։ «Այսօր մեզ անխնա քննադատում, իսկ ավելի շատ զրպարտում ու մեզնից գործողություններ են պահանջում նաև նրանք, ովքեր մեծագույն հաճույքով մասնակցում էին մեր դեմ «դագաղների» ու «սև ժապավենների» խրախճանքին, պահանջում մեր հեռացումը, ցուցադրաբար ողջունում, ոմանք էլ թաքուն հրճվում մեր դեմ պետական ռեպրեսիվ մեքենայի կողմից իրականացվող ապօրինություններով»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը` նշելով, թե «դուք բերեցիք Նիկոլին» թեզը միտումնավոր է հրապարակ նետվում որոշ շրջանակների անցյալը մաքրելու համար։
Կոչ անելով ընդունել սեփական սխալները՝ Սերժ Սարգսյանը նույն այդ ընդդիմությանը մեղադրել է իր հրաժարականը պարտադրելու կամ էլ անտարբերությամբ կատարվածին հանցակից դառնալու մեջ։ «Ձեր համբուրած էշին մեր դռանը մի կապեք»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը, հավելել, թե յուրաքանչյուրը պատասխանատու է այն էշի համար, որի ճակատը համբուրել է. «Մեր կուսակցության վերջին համագումարին այս թեմայով անգամ ձևակերպում տվեցի, որ ես ձեզ չեմ ստիպել գնալ և նախրի միջից պաչել ամենաբարձր զռացողի՝ էշի ճակատը»։
Երրորդ նախագահի օգտագործած ձևակերպումների կոշտությունը, հատկապես ընդդիմադիր գործընկերների նկատմամբ, վկայում է, որ խորհրդարանական արմատական ընդդիմության միջև հակասությունները բավականին լուրջ են և տեսանելի ապագայում կարգավորվելու որևէ հիմքեր չկան։ Այս ամենից, բնական է, օգտվում է նաև գործող իշխանությունը։
Արփինե Գրիգորյան