Մատենադարանում բացվելու է «Լեհահայեր. Գրչության ավանդույթներ» ցուցադրությունը
ՄՇԱԿՈՒՅԹԼվովում հայկական թեմի հիմնադրման 650-ամյակի առթիվ այսօր Մատենադարանում տեղի կունենա «Լեհահայեր. Գրչության ավանդույթներ» խորագրով ցուցադրության բացումը։
1367 թ.-ին Լեհ-լիտվական միացյալ պետության թագավոր Կազիմիր Մեծի հրովարտակով հայոց Գրիգոր եպիսկոպոսը իրավունք է ստանում թեմ հիմնադրելու և Լվով քաղաքը դարձնելու իր նորաստեղծ թեմի նստավայրը: Այդ հրովարտակը Լեհաստանի պատմության մեջ հայերին հասցեագրված ամենահին փաստաթուղթն է: 2017 թ.-ին լրանում է հրովարտակի 650-ամյակը: Այդ առիթով Մատենադարանն առաջին անգամ կազմակերպում է Լեհ-լիտվական միացյալ թագավորության հայ համայնքի ձեռագրական ժառանգությանը նվիրված ցուցահանդես:
Մատենադարանը, Վիեննայի ու Վենետիկի Մխիթարյան միաբանության գրադարանների հետ միասին, աշխարհի այն երեք կենտրոններից է, ուր պահվում են լեհահայ գրչությանն առնչվող ամենամեծ թվով ձեռագրեր: Մատենադարանում կա այդպիսի մոտ 130 ձեռագիր, որոնք ընդօրինակվել են Լեհ-լիտվական թագավորության հայաշատ տասը կենտրոններում՝ Լվովում, Կամենեցում, Ստանիսլավովում (առաջին երեքը գտնվում են ներկայիս Ուկրաինայում), Զամոշչում (ներկայիս Լեհաստանում): Դրանք պատկանում են XIV-XVIII դդ. և աչքի են ընկնում հարուստ բովանդակությամբ՝ ընդգրկելով տարբեր բնագավառներ՝ կրոնական, փիլիսոփայական, բժշկագիտական, թարգմանական գրականություն:
Մատենադարանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ցուցադրությանը ներկայացվելու են չորս տասնյակ ձեռագրեր, արխիվային վավերագրեր, Լեհ-լիտվական միացյալ թագավորության հայաշատ կենտրոնների ժամանակակից քարտեզ, ինչպես նաև վերջին ժամանակների հայագիտական հրատարակություններ Լեհաստանից:
Ներկայացվելիք ցուցանմուշների զգալի մասը ցուցադրվելու է առաջին անգամ: Հատուկ այս առիթով ցուցադրվելու է 1367 թ.-ի թագավորական հրովարտակի արտատպությունը, որի բնօրինակը պահվում է Լեհաստանի Հին փաստաթղթերի կենտրոնական պետական արխիվում: Միջոցառման շրջանակներում նախատեսվում է Լեհաստանից հրավիրված պրոֆեսոր Քշիշտոֆ Ստոպկայի ելույթը, որը կներկայացնի փաստաթղթի պատմական նշանակությունը: Լեհաստանի հայ համայնքի պատմության ուսումնասիրման բնագավառում, ինչպես նաև Մատենադարանի հետ ունեցած արդյունավետ գիտական համագործակցության, Լեհաստանում առաջին հայագիտական հանդեսի՝ «Լեհահայեր»-ի ստեղծման գործում ունեցած իր ավանդի համար պրոֆեսոր Քշիշտոֆ Ստոպկային կշնորհվի Մատենադարանի «Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալ: