Ճիճվակրություն. որո՞նք են դրա ախտանշանները և ինչու՞ են հաճախ հիվանդանում երեխաները
ՖՈՏՈMed.Tert.am/Ինչպես գրում է doctors.am-ը, բնության գրկում ակտիվ հանգստանալը, ավազի վրա խաղալը, մրգերի առատությունը և այլ նախապայմաններ երեխաների մոտ հաճախ առաջացնում են ճիճվակրություն(հելմինթոզ):
Այն կարող է հանդիպել նաև մեծահասակների մոտ:
Մեր հանրապետությունը համարվում է նպաստավոր գոտի այդ հիվանդությունների տարածման համար:
Հելմինթները սնվում են մարդու օրգանիզմի համար նախատեսված սննդով, խախտում են սննդի ներծծման պրոցեսները մարսողական ուղղում` բերելով նյութափոխանակության խանգարումների:
Սա հատկապես մեծ նշանակություն ունի մանկական հասակում: Սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի, մակրո- և միկրոէլեմենտների պակասությունը երեխայի օրգանիզմում բերում է սակավարյունություն, ավիտամինոզների, ֆիզիկական և նաև մտավոր զարգացման դանդաղեցման:
Մակաբույծների նյութափոխանակության արգասիքները թունավոր ազդեցություն են թողնում մարդու օրգանիզմի վրա` բերելով ալերգիզացիայի: Սա, իր հերթին, իջեցնում կամ խաթարում է օրգանիզմի դիմադրողականությունը մանրէային, վիրուսային և այլ վարակների նկատմամբ:
Հելմինթոզների ընթացքը և ախտանիշները
Մասնագետների գնահատմամաբ նախադպրոցական տարիքի երեխաների 10-ից 8-ը վարակված են որդերով: Միայն ամեն երրորդ հիվանդացած երեխայի մոտ են հայտնաբերվում հիվանդության ախտանիշներ: Արդյունքում չի նշանակվում համապատասխան հետազոտում և գանգատների իրական պատճառը մնում է չբացահայտված:
Հեմիլթոզներին բնորոշ է հիվանդության ինչպես դանդաղ և խրոնիկական, այնպես էլ` սուր ընթացքը: Սուր ընթացքով հեմինթոզներին բնորոշ են ընդհանուր ալերգիկ ռեակցիաներ` տենդ, մաշկի կրկնվող ցանավորում և քոր, այտուցներ` ինչպես տեղային, այնպես էլ տարածուն, լիմֆատիկ հանգույցների մեծացում, ցավեր մկաններում և հոդերում, շնչառական ուղիներում բորնոքային երևույթներ, ցավեր որովայնում և դիսպեպսիա:
Այդ պատճառով, եթե երեխան հիվանդանում է և ախտորոշումը պարզ չէ, արդարացի կլինի կատարել նաև հետազոտություն հելմինթների հայտնաբերման ուղղությամբ: Հայտնի են դեպքեր, երբ երեխային (երբեմն նաև մեծահասակին) երկարատև բուժում են ալերգիկ հիվանդություններից և հետո պարզվում է, որ այդ ալերգիաների պատճառը ճիճվակրությունն է:
Հաճախ են հանդիպում դիսբակտերիոզի երևույթներ: Ծանր վիճակներում որդերը կարող են փակել աղիքի լուսանցքը, առաջացնելով աղիքային սուր անանցանելիություն:
Ինչու՞ են հաճախ հիվանդանում երեխաները
Հասուն մարդու օրգանիզմում «ինտերվենտ» հելմինթների դեմ գործում են եռակի պաշտպանիչ պատնեշներ` թքի ֆերմենտներ, ստամոքսի թթվային միջավայր, աղիների տեղային իմունիտետ: Մանկական հասակում պաշտպանիչ մեխանիզմները դեռ ձևավորված չեն լինում, իսկ ստամոքսի թթվային մակարդակն ավելի ցածր է լինում, քան հասուն մարդու մոտ: Դրա հետ մեկտեղ երեխաներն անպայման ուզում են փորձել յուրաքանչյուր առարկայի համ: Հենց այս գործոններով էլ հելմինթոզները դառնում են առավելապես մանկական պրոբլեմ: