«Մեծ պատիվ է, որ «Արմենիա» մրցույթ-փառատոնի բացման համերգը մեզ է ընձեռվել». դիրիժոր Էդուարդ Թոփչյան
ՄՇԱԿՈՒՅԹՀուլիսի 4-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդիսավորությամբ մեկնարկեց «Արմենիա» առաջին միջազգային մրցույթ-փառատոնը։ Բեմում էր Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։
Ծրագրում հնչել են Ալեքսեյ Շորի, Նիկոլո Պագանինիի, Անտոն Բրուքների ստեղծագործությունները։ Որպես մենակատար հանդես է եկել մեծահամբավ ջութակահար Ռոման Կիմը։
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, խոսելով «Արմենիա» միջազգային մրցույթ-փառատոնի մասին, նշեց, որ հիանալի, գեղեցիկ մրցույթ-փառատոն է՝ հրաշալի արտիստներով։ «Ուրախ եմ, որ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մասնակցում է, և մեծ պատիվ է, որ մրցույթ-փառատոնի բացման համերգը մեզ է ընձեռվել։ Ուրախ եմ մեր համագործակցության համար, ուրախ եմ, որ Սերգեյ Սմբատյանն ու ես հիմա իրար կողքի ենք։ Ես սա ամենաշատն եմ կարևորում։ Դրա արդյունքն այն է լինելու, որ մենք պետք է կարողանանք համատեղ լավ բաների հասնել։ Անընդհատ մտածում ենք այդ ուղղությամբ։ Միասին ամեն ինչ ավելի հեշտ է լինում»,- ասաց Էդուարդ Թոփչյանը՝ ավելացնելով, որ ինչպես բոլոր մրցույթներից, այնպես էլ «Արմենիա» միջազգային մրցույթից ակնկալում է նոր տաղանդների բացահայտում։
Ջութակահար Ռոման Կիմն առաջին անգամ է Հայաստանում։ Ասում է, որ հայ հեղինակների ստեղծագործություններ չի կատարել, բայց շատ լավ ծանոթ է Խաչատրյանի արվեսին և հույս է հայտնում, որ մի օր կներկայացնի նրա Ջութակի կոնցերտը։ «Այսօր կատարել եմ Պագանինիի կոնցերտը։ Պագանինին շատ մեծ նշանակություն ունի ինձ համար։ Իմ կուռքն է, պաշտում եմ նրան մանկուց։ Նրա երաժշտությունը շատ վիրտուոզ է, բեմական»,- ասում է ջութակահարը։
«Արմենիա» առաջին միջազգային մրցույթ-փառատոնն անցկացվում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի (European Foundation for Support of Culture) նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Մրցույթ-փառատոնի գեղարվեստական ղեկավարն է Սերգեյ Սմբատյանը։ Մրցույթ-փառատոնը կայանում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո։
Նշենք, որ հուլիսի 5-ի առավոտից Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում անցկացվում են «Արմենիա» միջազգային մրցույթի դաշնակահարների առաջին փուլի լսումները։