Նոր ճանապարհներ դեպի ՌԴ. Վերին Լարսն այլընտրանք կունենա. «Հայկական ժամանակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ լավատեսական լուրեր ստացվեցին հեռավոր Պրագայից, որտեղ Ռուսաստանի և Վրաստանի միջև ճանապարհների գործարկման շուրջ բանակցություններ են ընթանում:
Ինչպես նշում է «Կոմերսանտ» պարբերականը, Մոսկվայի և Թբիլիսիի ներկայացուցիչները պայմանավորվել են կյանքի կոչել 2011-ին ՌԴ և Վրաստանի միջև «Առևտրային միջանցքների մասին» պայմանագիրը, որոնք անցնելու են Վրաստանի նախկին ինքնավարությունների՝ Աբխազիայի և Հարավային Օսեթիայի տարածքով:
Սա չափազանց կարևոր իրադարձություն է Հայաստանի համար: Խնդիրն այն է, որ ներկայումս Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհն անցնում է Վերին Լարսով, որը տարվա մի զգալի մասը անանցանելի է դառնում ձնաբուքերի, մերկասառույցի, փլուզումների ու այլ տարերային աղետների պատճառով, ինչը զգալի վնասներ է հասցնում մեր գործարարներին:
Եթե ՌԴ և Վրաստանի ներկայացուցիչները եկել են վերջնական համաձայնության և պայմանավորվածությունն անշրջելի է, ապա Հայաստանը կստանա Ռուսաստանի հետ կապող մի շատ հարմարավետ, կարճ ու հուսալի ցամաքային ճանապարհ: Խոսքը Վրաստանի և Աբխազիայի տարածքով անցնող ավտոճանապարհի մասին է, այսպես կոչված՝ Պսոու-Վեսյոլայա անցակետով անցնող ճանապարհն է: Այս ավտոճանապարհի միակ խնդիրն այն է, որ անցնում է Սև ծովի ափամերձ տարածքով և ամռանն ու վաղ աշնանը ծանրաբեռնվում է զբոսաշրջիկների պատճառով: Այս ճանապարհը շատ ավելի կարճ է Հայաստանից դեպի Ռուսաստանի Հարավ-արևմտյան շրջաններ ուղևորվողների համար: Մյուս ճանապարհը, որը կարող է բացվել, հայտնի Ռոկիի թունելով անցնող ճանապարհն է: Այս ուղին տեխնիկական խնդիրներ է ունենում կամայական երևույթներով պայմանավորված, սակայն անհամեմատելի է Վերին Լարսով անցնող ճանապարհի հետ: Հարավային և Հյուսիսային Օսեթիաների տարածքով և Ռոկիի թունելով անցնող այս ճանապարհը հարմար է Ռուսաստանի Կենտրոնական և Հարավ-արևելյան շրջաններին կապվելու համար:
Մի խոսքով, եթե վրաց-ռուսական պայմանավորվածությունները գործնականում կյանքի կոչվեն, ապա մեր քաղաքացիները և գործարարները կստանան Ռուսաստանի հետ շատ ավելի հուսալի և էժան տրանսպորտային միջանցք, որը դրական ազդեցություն կարող է թողնել մեր տնտեսության վրա»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: