«Սասնա ծռերը» մարդասպաններ չեն, նրանք թուրքի դեմ են ելել, ամբողջ Արցախն են ազատագրել...«Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Երեկ լրացավ նախորդ տարի Սարի թաղում ոստիկանների և բնակիչների միջև տեղի ունեցած բախման մեկ տարին, որի արդյունքում Սարի թաղի 9 բնակիչ հայտնվեցին ճաղերից այն կողմ: «Փաստի» հետ զրույցում այդ գործով կալանավորված Էդուարդ Զեյթունցյանի կինը՝ Լալա Բեռնեցյանը, ով երեկ էր հանդիպել ամուսնուն, ասում է, որ ամուսինը շատ է փոշմանել նախորդ տարվա դեպքերի համար, որի արդյունքում ընտանիքի կողքին լինելու փոխարեն բանտում է և չի կարողանում իր անմեղությունն ապացուցել:
Լալան պատմում է, որ ամուսինը շատ է ուզում ազատության մեջ ու իր ընտանիքի կողքին լինել: Նրա խոսքով՝ ամուսնու տեսքը անցած մեկ ամսվա ընթացքում զգալիորեն փոխվել է դեպի բացասականը:
«Դանակը հասել է ոսկորին: Ահավոր սփրթնած էր, անսնունդ մարդիկ են լինում, հիվանդ, այ էդպիսին էր: Առողջական վիճակը շատ վատ էր, օրեցօր սա իր վրա ազդում է: Մյուս կողմից էլ երեխու հետ հանդիպումներն ավելի վատ դրության մեջ են դնում իրան, թե՛ կարոտը... Անտանելի վիճակ է իր մոտ: Նեղվում է, որ դատական նիստերը այսպես են ընթանում, ոչինչ առաջ չի գնում, նեղվում է, որ իրենց անմեղությունը չեն կարողանում ապացուցել, նեղվում է, որ այսքան ժամանակ իր տուն–տեղը անտեր է թողել, անիմաստ տեղը, ո՞ւմ համար գնաց, չգիտեմ»,– ասաց Լալան:
Կինը նաև ասում է, որ երեկ առաջին անգամ ամուսինը սննդի որակից չբողոքեց, ասաց, որ գոհ է և այն կարծես թե քիչ–քիչ կարգավորվում է: Սակայն չնայած սննդի որակի փոքրիշատե լավացմանը՝ Լալային ամուսնու առողջական վիճակը հանգիստ չի տալիս և նա մտավախություն ունի նրա առողջության հետագա բարդացումների հետ կապված: Ասում է, որ թեև շարունակում են ամուսնուն դեղորայք տրամադրել, սակայն, որպես այդպիսին, նորմալ հետազոտություն չի իրականացվում:
Լալային մյուս կողմից էլ զայրացնում է այն, որ արդեն ավելի քան մեկ ամիս է դատական նիստ չի կայացել՝ դատավորի արձակուրդ գնալու հետ կապված: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 27–ին: Սակայն, ըստ Լալայի, հիմա էլ դատախազի արձակուրդ գնալու ժամանակն է:
«Մարդիկ սրտի հիվանդության թղթերով միջնորդություն են արել կալանքը փոխելու վերաբերյալ: Տիկին դատավոր, դու ո՞նց ես գնում հանգստի, երբ մարդու կյանքը ամեն վայրկյան թելից է կախված, սրտի հետ խաղ չեն անում: Չէ՞ որ էս մարդիկ էլ են հայ, հո դուք թո՞ւրք չեք: Ձեր հանցագործ կլանի մեջ ինչքա՜ն մարդիկ կան, որ բերդի ապրանք են, ապրանք, մարդ էլ չեն, ոչ բնությանն են պիտանի, ոչ պետությանը: Բայց դուրսը թափառում են, իսկ նրանք, ովքեր պիտի ընտանիքներ պահեին, ներսը փտում են: Ինչի՞ համար: Էսա՞ Սերժ Սարգսյանի խոստացած բարեկեցիկ ապագան, ՀՀԿ–ի՝ բարեկեցիկ երկիրը»,– ասաց Լալան:
Անդրադառնալով «Սասնա ծռերին», Լալան նշեց, որ չի ցանկանում նրանց գործը որակել, սակայն եթե անգամ նրանք ցանկանում էին ապստամբություն լիներ, նրանք զոհեր չէին ուզում:
«Ես չէ, որ պիտի որակեմ իրենց գործողությունները: Մարդիկ ուզում էին ապստամբել ու երկիրն ազատել այս վիճակից, ինչն ամեն Աստծո օր մեր կաշիների վրա զգում ենք: Դառնում ա Բայաջիի պետությունը, ոնց որ մեր երկրում ստրուկներ լինենք: Իսկ նրանք չէին ուզում դա: Նրանք ուզում էին, որ ՀՀ քաղաքացին ապրի հային արժանավայել: Վիճակագրությանը նայելով հասկանում եմ՝ մենք ամենահետամնաց երկիրն ենք, համարում եմ, որ անգամ Աֆրիկայից ենք հետ մնացել: Մարդ ուզենա աշխատի, իսկ նրան կոպեկներով աշխատեցնե՞ն: Ով է տեսել կինարմատը դուրս գա, առավոտից իրիկուն 12 ժամ աշխատի ու 3000 դրամ առնի: Աբսուրդա: Մեր իշխանությունների, ղեկավարների մայրերը, ընտանիքները կապրե՞ն 3000 դրամով: Բայց արի ու տես, որ այսօր մենք էդ էլ չենք կարում վաստակենք»,– նկատեց նա:
Ըստ Լալայի՝ «Սասնա ծռեր»–ը մարդասպաններ չեն, նրանք թուրքի դեմ են ելել, ամբողջ Արցախն են ազատագրել, կռված տղերք են և չէին ուզենա, որ հայը հայի արյուն թափեր:
Լալան վերջում նշեց, որ երկու օր առաջ իրեն հրավիրել էին «Սոս» բարեգործական կազմակերպությունից և հնարավոր է, որ իրեն գործիքներ տրամադրեն իր՝ մատնահարդարի մասնագիտությամբ տանից աշխատելու համար:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: