Վարորդական իրավունքից ցմահ զրկված Մառա Բաղդասարյանին բռնացրել են մեքենայի ղեկին նստած
ՖՈՏՈTert.am/Մոսկվայի ոստիկանությունը հայտնել է արգելված փողոցային մրցարշավների սկանդալային մասնակից Մառա Բաղդասարյանին բռնելու մասին:
Ինչպես նշում է life.ru-ն, ավտոմրցարշավորդուհին, որին դատարանը ցմահ զրկել է վարորդական իրավունքից, կրկին նստել է մեքենայի ղեկին:
Աղջիկը որոշել է գիշերը մեքենա վարել մայրաքաղաքի արևմտյան մասում, որտեղ փողոցներից մեկում էլ իրավապահները կանգնեցրել են նրա մեքենան: Օրենքի ներկայացուցիչներին տեսնելուց անմիջապես հետո Բաղդասարյանն ասել է, որ իրեն վատ է զգում ու բժշկի կարիք ունի: Ժամանած մասնագետներն ասել են, որ ավտոմրցարշավորդուհու մոտ իրոք առկա են մի շարք առողջական խնդիրներ:
Աղբյուրը հիշեցնում է, որ Բաղդասարյանը հայտնի է դարձել 2016թ. մայիսին Մոսկվայում Gelandewagen մեքենաներով կազմակերպված փողոցային ավտոմրցարշավից հետո: Հայտնի է, որ Բաղդասարյանն ու մոսկվայաբնակ այլ մեծահարուստների երեխաներ ցուցադրաբար խախտել էին ճանապարհային երթևեկության կանոնները՝ սադրելով իրավապահներին ու այդ ամենը տեսագրելով: