Բրիտանական թանգարանից 6 տարի առաջ անհետացած 1 մլն դոլար արժողությամբ մատանին պաշտոնապես հայտարարվել է կորած
ՖՈՏՈԼոնդոնի Բրիտանական թանգարանում 6 տարի առաջ անհետացած ադամանդյա մատանին, որի արժեքը գնահատվում է 750 հազար ֆունտ ստերլինգ (մոտ 1 միլիոն դոլար), միայն այժմ պաշտոնապես հայտարարվել է կորած: Այս մասին հայտնում է BBC News-ը:
Հայտնի է, որ մատանին թանգարանին նվիրաբերել է անանուն բարերարը: Cartier ոսկերչական տան մատանու անհետացման մասին հաղորդվել է դեռ 2011 թվականին, սակայն լայն հանրությանն այս փաստը հայտնի է դարձել այժմ՝ թանգարանի տարեկան հաշվետվության հրապարակումից հետո:
Թանգարանի ներկայացուցչի խոսքով՝ սա հաստատության սովորական պրակտիկան է՝ հայտնել կորած նմուշների մասին կորստից հինգ տարի անց: Նա նաև նշել է, որ 2011 թվականին մատանին չի ցուցադրվել, այլ եղել է պահեստում: 2011 թվականի օգոստոսին թանգարանի աշխատակիցները հայտնաբերել են, որ մատանին իր տեղում չէ:
«Թանգարանի տնօրինությունը վերանայել է շինության անվտանգության ապահովման համակարգը և հավաքածուի պահպանման պայմանները՝ զգալի դրամական միջոցներ տրամադրելով անվտանգության միջոցների բարելավմանը», - հավելել է թանգարանի ներկայացուցիչը: