Մուտքի արտոնագրի պահանջի չեղարկման որոշումը Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև բարեկամության նոր կամուրջ է. ՀՀ Նախագահ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆTert.am/ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվելիրանական «Շարղ» օրաթերթին, որում ասել է, որ Իրանի և Հայաստանի միջև մուտքի արտոնագրի պահանջի չեղարկման վերաբերյալ որոշումը մեր ժողովուրդների միջև բարեկամության նոր կամուրջ է։
Պատասխանելով հարցին, թե ի՞նչ ձեռքբերումներ կարող է բերել Իրանի և Հայաստանի միջև վիզաների չեղարկումը, Նախագահն ասել է, որ այն դրական ազդեցությունն ունի գործարար կապերի ընդլայնման, տնտեսական և ներդրումային ոլորտի, ինչպես նաև զբոսաշրջության խթանման վրա:
«Մեր դիտարկումներով՝ մուտքի արտոնագրերի պահանջի վերացումից հետո գրանցվել է իրանցի զբոսաշրջիկների շեշտակի աճ:
Այսօր շուկայում արդեն ձևավորվում են իրանցի այցելուների մշակութային նախասիրություններին համապատասխան զբոսաշրջային ծառայություններ: Մենք լուրջ ջանքեր ենք գործադրում մեր երկիրը զբոսաշրջիկների համար գրավիչ դարձնելու ուղղությամբ:
Մասնավորապես, քայլեր են ձեռնարկվում լրացուցիչ և ավելի հարմարավետ ենթակառուցվածքների ստեղծման, սպասարկման որակի բարձրացման, մեր հարուստ պատմամշակութային ժառանգության ներկայացման, դեպի Հայաստան ավիաչվերթերի քանակի ավելացման ուղղությամբ:
Հայաստանն ունի ներկայանալի մշակույթ, անվտանգության բարձր մակարդակ և հյուրընկալ ու աշխատասեր ժողովուրդ, ինչը մեր երկրի մրցակցային առավելություններից է նաև զբոսաշրջության ոլորտում»,-ասել է Նախագահը։