Կիևի կենտրոնում կառավարության շենքի մոտ պայթյուն է տեղի ունեցել (լուսանկարներ, տեսանյութեր)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿիևի կենտրոնում՝ կառավարական թաղամասում, այսօր՝ Ուկրաինայի անկախության օրը, պայթյուն է որոտացել: Այդ մասին հայտնում է korrespondent.net-ը՝ վկայակոչելով մայրաքաղաքի ոստիկանությանը:
Հաղորդվում է, որ պայթյունի հետևանքով մի տղամարդ և կին մարմնական վնասվածքներ են ստացել: Դեպքի վայրում աշխատում է քննչական-օպերատիվ խումբ և սակրավորներ:
Ականատեսների հաղորդմամբ՝ պայթյունի հետևանքով կինը ծանր վնասվածքներ է ստացել, իսկ տղամարդը վիրավորվել է գլխի շրջանում:
Ոստիկանությունը պարզում է դեպքի բոլոր հանգամանքները, վիրավորների մասին տեղեկությունը ճշտվում է:
Hromadske.ua-ի տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել Գրուշևսկու փողոցում՝ «Դինամո» մարզադաշտի և կառավարության շենքի միջև ընկած հատվածում: Այդ վայրի մոտակայքում տեղակայված է Ուկրաինայի անկախության 26-ամյակի առթիվ բացված ռազմատեխնիկայի ցուցահանդեսը: