Թուրքիան պատրաստվում է «Եփրատի վահան» ռազմական գործողության կրկնությանը. Էրդողան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստվում է իրականացնել «Եփրատի վահան» ռազմական գործողության կրկնությունը, գրում է թուրքական demokrathaber.org կայքը:
«Մենք կանենք նույնը, ինչ որ «Եփրատի վահանի» ժամանակ, և հենց հիմա դրան ենք պատրաստվում», - ասել է Էրդողանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը՝ թուրքական լրատվամիջոցներում հայտնվել էր տեղեկություն, որ Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը կարող են համատեղ ռազմական գործողություն սկսել Սիրիայի հյուսիսում: Նշվել էր, որ գործողության մեկնարկը կարող է տրվել սիրիական Իդլիբից, ընդ որում՝ պլանավորվում է, որ իրանական ու ռուսական ուժերն առաջ կշարժվեն Իդլիբի հարավից, իսկ թուրքական ԶՈւ-ն կգրոհի հյուսիսային կողմից:
Էրդողանը նշել է, որ Թուրքիան կշարունակի պայքարել Սիրիայում ահաբեկչության դեմ՝ չնայած իրենց դեմ գործադրված պատժամիջոցներին ու մեկուսացման քաղաքականությանը:
«Մենք տեսնում ենք, թե իրականում այս տարածաշրջանում ինչ խաղեր են խաղում՝ օգտագործելով ահաբեկչական կառույցները, և մենք չենք ընդունում խաղի այդ կանոնները», - ասել է Թուրքիայի առաջնորդը:
Հիշեցնենք, որ 2016թ.-ի օգոստոսի 24-ին թուրքական հատուկ նշանակության ուժերը մտել էին Սիրիայի տարածք՝ իրենց իսկ խոսքով՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակում: Թուրքական ԶՈւ-ին աջակցել են «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումն ու կոալիցիոն ուժերը՝ օդային հարվածների միջոցով: Թուրքական ԶՈՒ-ն պայքարել է նաև Սիրիայի հյուսիսում գործող քրդական ազգային խմբավորումների դեմ։ Այս տարվա մարտի վերջին Թուրքիայի վարչապետը հայտարարել էր գործողության ավարտի մասին։