Միլանում ֆոտոմոդելին առևանգել են ու փորձել վաճառել որպես սեքս ստրկուհի
ՖՈՏՈՄիլանում առևանգել են 20-ամյա բրիտանացի ֆոտոմոդելին ու փորձել վաճառել համացանցային աճուրդով։ Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով իտալական ոստիկանությանը։
Աղջիկը, ում անունը չի հաղորդում, Միլան էր եկել հուլիսին՝ մասնակցելու ֆոտոնկարահանումների։ Ուղևորությունը կազմակերպել էր զոհի գործակալը։
Բնակարանում, որտեղ նա ժամանել էր Իտալիա հասնելուն պես, նրա վրա հարձակվել են երկու տղամարդիկ։
Հանցագործները նրան կետամին թմրամիջոց են ներարկել և փակել մեծ ճամպրուկի մեջ, որը տեղավորել են մարդատար մեքենայի բեռնախցիկում։
Ժամեր անց նրան տեղափոխել են Թուրինից հյուսիս-արևմուտք գտնվող տուն։ Աղջկան ազատել են 6 օր անց։Տուժածի խոսքով՝ չարագործն իրեն ազատել է, քանի որ ինքը փոքր երեխա ունի, իսկ մայրերին ազատությունից զրկելը հակասում է խմբի սկզբունքներին։
Առևանգողին ձերբակալել են, երբ նա ուղեկցել է աղջկան մինչև Միլանի բրիտանական հյուպատոսություն՝ գրում է Daily Telegraph-ը։Ձերբակալվածը Լեհաստանի 30-ամյա քաղաքացի է, ով բնակվում է Մեծ Բրիտանիայում։ Նրա դեմ առաջադրվել է մարդկանց առևանգման մեղադրանք։ Իտալիայի, Լեհաստանի և Մեծ Բրիտանիայի իրավապահ մարմինները շարունակում են հետաքննությունը։