Թուրքիայի իշխանությունները փակել են Բոսֆորի նեղուցը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի իշխանությունները «անվտանգության նկատառումներով» փակել են Բոսֆորի նեղուցը տանկերների համար: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ծովային օպերատոր GAC-ին:
Այլ տիպի նավերի համար նեղուցը բաց է: Ականատեսի վկայությամբ, վաղ առավոտյան նեղուցով նավերի տեղաշարժ չի նկատվում:
Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հաղորդել են, որ զինվորները կրակ են բացել մարդկանց վրա, որոնք փորձել են անցնել Բոսֆորի նեղուցով, դրանով իրենց բողոքը հայտնելով հեղաշրջման փորձի դեմ:
Նշենք, որ հուլիսի 15-ի երեկոյան լրատվամիջոցները հաղորդել են Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի մասին: Անկարայի եւ Ստամբուլի փողոցներում ռազմական տեխնիկա է հայտնվել, տեղի են ունեցել կրակոցներ եւ պայթյուններ: Մի խումբ զինվորականներ հայտարարել են երկրում իշխանությունը վերցնելու մասին՝ սահմանադրական կարգը վերականգնելու, մարդու իրավունքներն ու ազատությունները ապահովելու նպատակով:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է տեղի ունեցող իրադարձությունների անօրինական լինելու մասին: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հեղաշրջման փորձը ձախողվել է եւ ամբողջությամբ կճնշվի: