Սերժ Սարգսյանը գաղտնազերծում է Ժնևը. «Ժամանակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժամանակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 24-ին մասնակցելով պաշտպանության նախարարության պաշտպանական ազգային հետազոտական ինստիտուտի նոր ուսումնական ծրագրի մեկնարկի արարողությանը՝ Սերժ Սարգսյանն իր ունեցած ելույթում անդրադարձել է նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին և Ժնևի հանդիպմանը:
Ընդհանրապես, Սերժ Սարգսյանն այսօր հայտարարել է, որ Ալիևի հետ հանդիպմանը քննարկել են լիովին այլ հարցեր, որոնք չեն առնչվում շվեյցարահայ համայնքի հետ հանդիպմանն ասվածին, և իր այդ հայտարարություններով ինքը կես բառ անգամ չի գաղտնազերծել իրենց զրույցը, ինչպես հայտարարել է Սարգսյանն այսօր: Այդ առումով էլ հարց է առաջանում, թե, ուրեմն ի՞նչ են քննարկել Սարգսյանն ու Ալիևը, եթե ոչ այն, ինչի մասին Սարգսյանը հետո հայտարարել էր հայկական համայնքի հետ հանդիպմանը:
Ո՞րն է եղել նրանց զրույցի թեման: Եվ արդյո՞ք այդ համատեքստում իրավացի չէր հանդիպումից հետո մեր այն գնահատականը, որն առիթ ենք ունեցել հնչեցնել, այն մասին, որ Սարգսյան-Ալիև Ժնևի հանդիպման օրակարգում ավելի շուտ եղել են Հայաստանի և Ադրբեջանի ներքին իշխանական և քաղաքական իրավիճակներին առնչվող հարցեր, քան բուն ղարաբաղյան թեմատիկային: Եվ այդ իմաստով, հայտնելով, որ չի գաղտնազերծել և ոչ մի բառ, Սերժ Սարգսյանը գործնականում բավական նրբորեն գաղտնազերծում է Ժնևը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: