Ստամբուլում ԻՊ-ի 4 ահաբեկիչ է ձերբակալվել, որոնցից 3-ը՝ կին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍտամբուլում նախօրեին ձերբակալվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 4 անդամ, որոնցից 3-ը՝ կին, այս մասին տեղեկանում ենք gazeteduvar.com.tr կայքից:
Նշվում է, որ Ստամբուլի եվրոպական հատվածում գտնվող Ֆաթիհ շրջանում ոստիկանական հատուկ գործողության արդյունքում հայտնաբերված ու ձերբակալված ԻՊ-ականները գտնվել են Սոֆուլար թաղամասում վարձած բնակարանում, որտեղ թաքնվել են բավականին երկար ժամանակ:
Տանն իրավապահները հայտնաբերել ու առգրավվել են նաև ԻՊ-ի գործունեության հետ կապված մի շարք կարևոր փաստաթղթեր:
Համապատասխան բուժզննում անցնելուց հետո ԻՊ-ականները տարվել են Ստամբուլում ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչություն։
Հայտնի է, որ մինչ օրս Թուրքիայում ընդհանուր առմամբ ձերբակալվել է երկրի սահմանը հատել փորձած 7.200 մարդ, որոնք կասկածվել են ԻՊ-ի կամ «Ալ Քաիդայի» հետ կապ ունենալու համար:
Մինչ օրս ԻՊ-ը 14 հարձակում է իրականացրել Թուրքիայում, բացի այդ՝ միայն 2016 թվականի ընթացքում Թուրքիայի անվտանգության ուժերը կարողացել են կանխել ԻՊ-ի 22 ահաբեկչական հարձակում: