Բրիտանուհին ամուսնու համար ցավազրկող է տարել Եգիպտոս և ձերբակալվել՝ մեղադրվելով թմրանյութեր տարածելու համար
ՖՈՏՈԵգիպտոսում ձերբակալվել է Մեծ Բրիտանիայի մի քաղաքացի, որը փորձել է ցավազրկող դեղամիջոցներ անցկացնել երկիր` իր եգիպտացի ամուսնու համար: Այժմ կնոջը սպառնում է մինչև 25 տարի ազատազրկում:
The Guardian-ի տվյալների համաձայն՝ հոկտեմբերի սկզբին 33-ամյա Լորա Փլամերը ձերբակալվել է եգիպտական օդանավակայանում, երբ նրա ճամպրուկում 290 հաբ տրամադոլ և մի քանի հաբ նապրոկսեն է հայտնաբերվել, որոնք նա մտադիր է եղել հասցնել մեջքի հատվածում ցավեր ունեցող ամուսնուն:
Նշվում է, որ ձերբակալությունից հետո կնոջը ստիպել են արաբերենով գրված 38 էջանոց փաստաթուղթ ստորագրել և բանտախուց են ուղարկել, որտեղ նա 25 կանանց հետ մնացել է մոտ մեկ ամիս։
Հայտնի է, որ տրամադոլը հոգեմետ ափիոնային անալգետիկ է, որը հաճախ օգտագործվում է հերոինի փոխարեն: Մեծ Բրիտանիայում դեղամիջոցը թույլատրված է, սակայն Եգիպտոսում այն արգելքի տակ է:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Փլամերին կասկածել են թմրանյութեր տարածելու համար: Կնոջ փաստաբաններից մեկը չի բացառել, որ նրան կարող են մահապատժի դատապարտել:
Ինչպես The Guardian-ին հայտնել են Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունից, իշխանությունները վերահսկողության տակ են պահում իրավիճակը և աջակցություն ցուցաբերում Փլամերին ու նրա ընտանիքին: