Երեւանյան իրադարձությունները միտված են ԼՂ բանակցությունների տապալմանը. Բրայզա
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ«Երեւանյան վերջին իրադաձությունները ՊՊԾ գնդի գրավման համատեքստում միտված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի տապալմանը: Մինչ այս բանակցություններում կողմերն արձանագրել են որոշակի արդյունքներ»,- այս մասին Բաքվում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական գործերով նախկին օգնական Մեթյու Բրայզան:
Նրա խոսքով, Սանկտ Պետերբուրգի եւ Վիեննայի հանդիպումների ժամանակ ղարաբաղյան հակամարտության կողմերն իսկապես արձանագրել են որոշակի արդյունքներ: «Խոսքը միայն այն չէ, թե բանակցությունները նվազեցրել են լարվածությունը զորքերի շփման գոտում, այլ բերել են հակամարտության կարգավորման քաղաքական պահերի քննարկման մեկնարկին», - ասել է նա:
«Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունները Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի բանակցություններից հետո վկայում են, որ քննարկումներում որոշակի տեղաշարժեր են եղել»,- ասել է նա: Trend-ը հիշեցնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ հանդիպեցին մայիսի 15-ին Վիեննայում, իսկ հունիսի 20-ին արդե, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ հանդիպում տեղի ունեցավ Սանկտ Պետերբուրգում:
Խոսելով հակամարտության կարգավորման գործընթացում Ռուսաստանի դերակատարության մասին, Բրայզան նշել է, որ նախագահ Պուտինն իսկապես անհանգստացած է այն հանգամանքով, որ ապրիլյան ճգնաժամը շատ լուրջ էր, և պատերազմի վերսկսման մեծ հավանականություն է պարունակում, որը ձեռնտու չէ Ռուսաստանին: «Պուտինը կարող է խաղաղապահի դերակատարում ունենալ այս հակամարտության մեջ»,- կարծիք է հայտնել ամերիկացի պաշտոնյան:
Նա անդրադարձել է նաև որոշ վերլուծաբանների այն կարծիքներին, թե մինչեւ տարեվերջ Հայաստանը կվերադարձնի «ազատագրված յոթ տարածքներից առնվազն հինգը»: Բրայզան, սակայն, չի կիսում այն տեսակետը, թե դա տեղի կունենա առաջիկայում: «Նման հայտարարությունները ճնշման փորձեր են գործընթացի նկատմամբ: Ես չեմ կարծում, թե հնարավոր է մի քանի ամիսների ընթացքում իրականացնել դա», - ասել է փորձագետը:
Ինչ վերաբերում է երևանյան վերջին իրադարձություններին, ապա այս կոնտեքստում Բրայզան համաձայնել է այն քաղաքագետների հետ, որոնք կարծում են, որ ՊՊԾ գնդի գրավումը միտված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի տապալմանը: