Ներկայացման կես ժամը ես կոտրում եմ հանդիսատեսի մեջ այն կարծրատիպը, որ ես Նազենի Հովհաննիսյանն եմ
ՖՈՏՈՄանրամասներիհամար՝ այստեղ
Ներկայացման կես ժամը ես կոտրում եմ հանդիսատեսի մեջ այն կարծրատիպը, որ ես Նազենի Հովհաննիսյանն եմ
Սեր, դավաճանություն, խանդ, որդի-ծնող հավերժական կոնֆլիկտ. Կամերային թատրոնի բեմում երեկ Նազենին ու Արշալույսը փորձում էին համոզել, որ իրական սերը կարող է հաղթել ամենքին ու ամեն ինչ: «Ի՞նչ տարբերություն, թե ում հետ» ներկայացումը սիրո հանդեպ թերահավատ վերաբերմունք ունեցող ժամանակակից երիտասարդության մասին է, որը կարող է բացել անսահման քնքշության գաղտնիքն ու օգնել հավատալ իսկական սիրուն: BlogNews.am-ը ներկա է եղել ներկայացմանը, դերասաններին լուսանկարել կուլիսներում, զրուցել նրանց հետ զգացողությունների ու հանդիսատեսի հետ կոնտակտի մասին: Ի դեպ՝ Նազենիի համար զարմանալի էր լրագրողների ներկայությունը դահլիճում և կրկնակի պարտավորցնող՝ լինել բեմում, որտեղ հանդիսատեսի շարքում նաև գործընկերներ կան:
Ներկայացման բեմադրիչն ու նկարչական ձեւավորման հեղինակը երիտասարդ ռեժիսոր Լուսինե Երնջակյանն է: Այն բեմադրված է Լեոնարդ Գերշի «Թիթեռներն ազատ են» պիեսի հիման վրա: Բեմադրության սաունդթրեքը «The Beautified Project» խմբի «Help me» երգն է: Գործողությունները տեղի են ունենում ԱՄՆ-ում, հերոսների անունները ևս ամերիկյան են` Ջիլ, Դոնի և այլն: Ներկայացման հիմքում սիրո մի պատմություն է` հարուստ ընտանիքից կույր տղայի (Արշալույս Հարությունյան) ու դերասան դառնալու երազանք ունեցող անզուսպ, թռի-վռի ու հանդուգն աղջնակի մասին (Նազենի Հովհաննիսյան): Տղան կամ, ինչպես նրան արձակագիր մայրն է անվանում, փոքրիկ Դոնին ուզում է ինքնուրույն լինել, գտնել իր տեղը կյանքում և ազատվել իր մոր (Լուիզա Ներսիսյան) սահմանափակումներից: Արսեն Գրիգորյանն էլ մարմնավորել է դերասանուհու կարիերայի մասին երազող աղջկա պրոդյուսերի կերպարը:
Լուսինեի խոսքով` սիրո թեման ու ծնողների հետ կոնֆլիկը արդիական է այսօր, երեկ, վաղը ու միշտ. «Այդ խնդրի միջով անցնում են բոլորը: Կին-տղամարդ հարաբերությունները, սիրո պակասը, փնտրտուքը, ցանկությունը հակադրվում են որդի-ծնող կոնֆլիկտին: Նրանք շատ հաճախ, կարծելով, որ պաշտպանում են երեխային, երբեմն անվստահություն են ներշնչում նրան: Շատ մարդկանց մոտ դա դիպչում է սրտին, ստիպում ինչ-որ քայլեր անելուց առաջ մտածել: Մենք նույնիսկ զույգ ունեք, որ այս ներկայացումից հետո ծանոթացել են ու ամուսնացել»:
Լուսինեն նշում է՝ բեմադրությունը ժամանակի հետ իհարկե փոփոխությոններ կրել է, բայց դրանք ակնհայտ լինել չեն կարող, որովհետև դրամատուրգիան ընդհանուր առմամբ նույնն է մնացել: Նeրկայացումը հիմա ինքն իր կյանքով է ապրում. «Փոփոխությունները, որոնք տեղի են ունենում, նրա արդյունքն է, որ դերասանը դառնում է ներդաշնակ իր դերի հետ, և հիմա, կարծում եմ, դժվար կլինի առանաձնացել դերն իրենցից, որովհետև այն դարձել է դերասանների մի մասը: Նրանց արյան մեջ է հոսում այդ կերպարը: Պիեսn ի սկզբանե բեմադրված է եղել Լիլի Էլբակյանի համար, սակայն, երբ դերասանուհին երեխայի էր սպասում, մենք կանգնել էինք նոր դերակատարի ընտրության խնդրի առաջ ու կարծում եմ` արեցինք լավագույն ընտրությունը: Նրանք այժմ զուգահեռ են խաղում: Երբ Նազենին ու Արշալույսն են խաղում ներկայացումը, հետևում եմ ու նկատում, որ ինչ-որ արտահայտություններ փոփոխված են, իմպրովիզներ կան, բայց այնքան համահունչ են պիեսի հետ, որ բոլորովին չեն խանգարում, դեռ ավելին՝ երևի խորացնում են ու հետաքրքիր դարձնում հանդիսատեսի համար»:
Նազենիին ժամանակին փոքր-ինչ վախեցրել է դերի առաջարկը, քանի որ, ըստ նրա, այն զգեստի պես հստակ կարված էր Լիլիի հագով. «Լիլիի ու Արշոյի տանդեմը ինձ դուր է գալիս: Դա մի առանձին գույն է: Լուիզան շշմելու կերպար է կերտում ինձ համար՝ հասուն և հետաքրքիր: Երբ ստացա առաջարկը, մեծ էր վախը․ ես տեսակով լրիվ ուրիշ էի: Իմ կարծիքով՝ Ջիլի դերը զգեստի պես հստակ կարված էր Լիլիի հագով: Ուղղակի այդ շրջանում նա ունեցավ անձնական դրական փոփոխություններ, և այդպես նրան փոխարինեցի ես: Հետագայում երբ ես նորից տեսա ներկայացումը Լիլիի կատարմամբ, նկատեցի, որ ներկայացումը բավականին փոխվել է: Մի դերասանի փոփոխությամբ փոխվում է ամբողջ օրգանիզմը, և այս ներկայացումը կենդանի օրգանիզմի պես է: Վստահ եմ՝ եթե երբևիցե փոխվի որևէ այլ կերպար, մենք նորից կփոխվենք: Ամեն ներկայացում ինքն իրենով ավարտուն է․ ով նայել է Լիլի կատարմամբ, կարծում է, որ դա լավագույնն է, ով հետագայում տեսել է իմ դերակատարմամբ, նրա համար ընդունելի է այս տարբերակը»:
Նազենիի խոսքով՝ հիմա արդեն դժվար է տարանջատել իր և Ջիլի նմանություններն ու տարբերությունները։ Դերասանուհու համար բարդ է ասելը՝ նա է այդ կերպարը ստեղծում, թե կերպարն է անդրադառնում իր կյանքի ու անձի վրա. «Այս կերպարի մեջ ես այնքան եմ ապրել, որ մեծ հարց է՝ ով է ում նման՝ ես՝ կերպարին, թե կերպարն՝ ինձ: Այնքան խոսքեր կան, իմպրովիզներ, որ արել ու անում ենք մանավանդ Արշոյի հետ: Նա լավագույն խաղընկերն է ու գործընկերը, որ կարելի էր պատկերացնել: Ցանկացած բան, որ արվում է բեմում, նա վերադարձնում է հազարապատիկը՝ ավելի հետաքրքիր ու էներգետիկ: Եվ սուտ է, որ ասում են՝ կերպարը չի ներազդում: Անշուշտ, ես կյանքում օգտագործում եմ իմ կերպարին բնորոշ խոսքեր: Ինձ ճանաչողները գիտեն այդ մասին: Ջիլն ունի հատկություններ, որոնք իմը չեն։ Իհարկե, ես ինձ այդպես չեմ պահի, այդպես ծամոն չեմ ծամի, չեմ գռեհկանա, որը նա կարող է իրեն թույլ տալ»:
Այս ներկայացումը Նազենիի համար դասական պարային «ստանոկի» նման է, որվհետև այն պահում է ռիթմի ու տեմպի մեջ. «Իմ հատուկ ընտրությունն է, որ շտատով աշխատող դերասանի նման ամեն օր չեմ լինում թատրոնում: Ամենօրյա ներկայացումներ ունենալու համար կա՛մ պետք է լինել շատ հարուստ, կա՛մ պետք է ազատ լինել ժամանակի առումով ու միայն դրան նվիրվել․ թերևս, թատրոնի դերասանները նվիրյալներ են, որ կարողանում են այդքան իրենց կյանքը տալ բեմական ներկայությանը: Ցավոք, ես չունեմ այդ հնարավորությունը: Ամեն անգամ, երբ ես նորից խաղում եմ այս ներկայացումը, որը վատագույն դեպքում լինում է ամիսը մեկ, ես լիցքավորվում եմ: Եթե բախտդ բերի, ու այդ օրը ունենաս լավ, բարի ու տրամադրված հանդիսատես, ապա դա իսկապես բարեբախտություն է: Եթե դու էլ գրագետ կերպով կարողանում ես տալ, ապա քո էմոցիաները վայրկենապես վերադառնում են քեզ: Մի «բայց» կա միայն, որ առ այսօր․ ես ներկայացման կես ժամը կոտրում եմ հանդիսատեսի մեջ այն կարծրատիպը, որ ես Նազենի Հովհաննիսյանն եմ: Դա հեռուստատեսությունից եկող վատությունն է: Նրանք սովորել են ինձ տեսնել որպես խիստ ու այլ տեսակի կերպար, բայց այստեղ տեսնում են թինեյջերական, ավելի թափթփված, ոչ այդքան գրագետ խոսքով, մինչև որ անջատում են իրենց հեռուստադիտողի աչքը, ով եկել է տեսնելու Դոնի և Ջիլի կյանքի պատմությունը, բավականին ջանք ու եռանդ է պահանջում: Փառք տիրոջը, շատ գոհ եմ իմ հանդիսատեսից, քանի որ նրանք հետո գալիս են մեր պատմության հետևից»: