Բոլիվուդի հայտնի աստղերը.Որտե՞ղ են նրանք հիմա.
ՎԻԴԵՈԵթե անգամ երբեք չեք դիտել հնդկական կինոարտադրության որևէ ֆիլմ, միևնույն է, «Բոլիվուդ» բառը կզուգորդվի շքեղության ու վառ գունազարդ պատկերի հետ։ Այդ պատրանքային իրականության մեջ հայտնվում են էկզոտիկ դեկորացիաները, գեղեցիկ ու փայլող աստղերը, որոնք ֆիլմի կեսից մեկ էլ կանգ են առնում և սկսում ուրախ ու զվարթ երգել ու պարել… անձրևի տակ։ Ականատեսի իրավունքով փաստեմ, որ Հնդկաստանում հորդառատ անձրևը կարող է սկսվել շատ անսպասելի, ուստի այդպիսի տեսարանն այնքան էլ անիրական չէ ։ Հնդկական կինեմատոգրաֆն իմ մտքում միշտ էլ զուգորդվել է հենց այդպիսի հեքիաթի հետ։ Բայց ամեն մի սեանսից հետո մի պահ սթափվում ես ու հասկանում, որ դրանք ընդամենը ֆիգուրներ էին կտավի վրա։ Բոլիվուդը, որ ժամանակակից Հնդկաստանի ամենից հաջողակ ու փողաբեր արդյունաբերությունն է, տարեցտարի էլ ավելի է ընդլայնվում ու զարգանում, սպառման նորանոր շուկաներ գրավում և զիջում է միայն չինականին՝ քանակական առումով և ամերիկյան Հոլիվուդին՝ որակական առումով։ Նաև հանդիսատեսի ահռելի մեծ լսարան ունի ամբողջ աշխարհում։
Ռաջ Կապուր, Նարգիզ, Ամիտաբխ Բաչչան… Ո՞վ կարող էր դիմանալ կինոյի այս հսկաների հմայքին։ Կանայք արցունքների գետեր էին հեղում` էկրանի վրա տեսնելով սիրելի հերոսների՝ անհույս սիրահարների կամ էլ Բոմբեյի հետնախորշերի մի սովորական, աղքատ ընտանիքի մասին ժպիտաարցունքախառն պատումները` շաղախված անթաքույց սենտիմենտալությամբ և արևելյան քաղցրավենիքին բնորոշ տտիպ համով։ Բայց արդյոք գոյություն ունի՞ այդ Բոլիվուդը, որտեղ և արարվում են այս բոլոր կինոնկարները, թե՞ պարզապես երազ է, որ անմիջապես անհետանում է, երբ միացնում են լույսերն ու բացում ես շշմած աչքերդ։
Կինոյի պատմության մեր դասախոսը` կինոգետ Սիրանույշ Գալստյանը, հիշում եմ, իր դասախոսությունների ժամանակ շարունակ կրկնում էր, որ հնդկական կինոյի ֆենոմենը շատ լուրջ գիտական ուսումնասիրության կարիք ունի։ Դե ես էլ իմ կողմից կավելացնեմ` քանի որ մարդն իր կոնստրուկցիայով, չնայած իր զարգացման բավականին երկար ուղուն և բազմաթիվ նվաճումներին, շարունակում է մնալ պարզ արարած, հնդկական կինոն միշտ էլ կարող է հուզել նրան։ Հնդկական կինոյի սխեման ընկած է աշխարհի կինեմատոգրաֆի լավագույն նմուշների հիմքում, և առաջին հերթին, անկասկած, դրամատուրգիայի, այն նմուշների, որոնք շատ հեշտ կարելի է տեղայնացնել ցանկացած միջավայրում, աշխարհի ուզածդ քաղաքակրթության և մշակույթի մեջ։
Հնդկաստանի Գոա նահանգից Կոնկանի երկաթուղուն պատկանող ոչ այնքան հարմարավետ գնացքով ճանապարհվում ենք դեպի հյուսիս՝ հարևան Մահարաշտրա նահանգ, անցնում Պունա քաղաքը և հասնում Բոմբեյ կամ Մումբայի, որտեղ և տեղակայված է հնդկական «անուրջների ֆաբրիկան»։ Բոլիվուդը Բոլիվուդ չէր լինի, եթե 1970-ականներին տեղացի մի լրագրող իր թերթի հերթական սյունակում բառախաղ չաներ` համեմատելով հնդկական ու ամերիկյան կինոարտադրությունները և փորձելով հասկանալ, թե դրանցից որն է ավելի արդյունավետ գործում։ Համեմատվելով Կալիֆոռնիայի Հոլիվուդի հետ` այս երիտասարդ լրագրողուհին սխալ ու չմտածված քայլ է անում, բայց իր գրած անունը` պիտակը, որ նա փակցնում է հարենի քաղաքի՝ Բոմբեյի «անուրջների ֆաբրիկային»՝ Բոլիվուդ, սիրվում ու հիշվում է և ժամանակի հետ բրենդավորվում։ Բոմբեյը Հնդկաստանի առաջին քաղաքն էր, ինչպես այստեղ հավաստիացնում են բոլորը, որ տեսել է Լյումեր եղբայրների հրաշք գյուտը՝ «Սինեմատոգրաֆը»։
Առաջին ֆիլմը, որն այստեղ նկարահանվում է, «Ռաջա Հարիշանդրան» է։ Այն նկարահանել է Դադասահեբ Ֆալկեն 1913թ․։ Սյուժեն վերցված է հնդիկների ազգային էպոսից՝ Մահաբհարատայից։ Սիրո ու զոհաբերության դասական պատմություն, որին խառնվում են նաև Հնդկաստանի ամենազոր աստվածներն ու այլ վերերկրային միստիկական ուժեր։ 1920-1945 թթ․ ընթացքում հնդկական կինեմատոգրաֆը չի շեղվում այս ուղուց, շարունակում է եռանդուն զարգացնել դիցաբանական, կրոնական ու պատմական սյուժեները։ Եվ նույնիսկ երբ ամբողջ աշխարհը պատերազմում էր, հնդիկները կինոէկրանից սիրո, խաղաղության, հանդուրժողականության կոչ էին անում և շարունակում էին սպառել ազգային էպոսների՝ Մահաբհարատայի ու Ռամայանայի ողջ սյուժետային գունապնակն ու կարծես անսպառ հնարավորությունները։ Սեր, սեր, սեր… Եվ քանի որ հնդիկ ժողովուրդն ապրում է չորրորդ, այսինքն՝ «սրտի» չակրայում, սերն այստեղ ամենուրեք է։ Հնդիկներն ապրում են սրտով, մտածում սրտով, առաջնորդվում սրտով։ Նրանք համոզված են, որ սրտի մեջ ուղեղ կա` աշխարհի ամենից զորեղ ուղեղը։ Էնպես որ սեր, սեր և ևս մեկ անգամ սեր։ Ու նաև և առաջին հերթին կինոյում, ազգային արվեստում, որն օտարին մի ամբողջ ազգ է ներկայացնում։
Հետաքրքիրն այն է, որ իմաստուն հնդիկ ժողովուրդը հենց միանգամից «կինոարտադրություն» բառի մեջ հիմնական շեշտը դրեց այս բառի երկրորդ արմատի՝ «արտադրության» վրա։
Մեզ տանում են Արդեշիր Իրանիի նկարահանած հնդկական առաջին հնչյունային ֆիլմի՝ «Ալամ Արայի» տաղավար, ավելի ճիշտ` այնտեղ, ուր այս ֆիլմից ինչ-որ բաներ են պահպանվել, բայց լուսանկարել խստիվ արգելում են։ Առհասարակ Հնդկաստանում անընդհատ, ամեն քայլափոխի քեզ ինչ-որ բան արգելում են։ Եվ պետք է խելոք, գլուխդ կախ ենթարկվես, այլ տարբերակ չկա։ Մանավանդ երբ իր քրեական բարքերով հայտնի Բոմբեյ քաղաքում ես, էլ չասենք, թե ինչքան գաղտնի ու արյունով ողողված պատմություններ են թաքցնում նրա հետնախորշերը։
Հետնախորշերի թեման հաջողությամբ արծարծում էին Բիմալ Ռոյը և Սատյատջիտ Ռեյը։ Առաջինի դեպքում հիմնական կիզակետը հասարակական խոցելի երևույթներն էին, սոցիալական խնդիրները, որոնց ամեն օր բախվում էր սովորական հնդիկ ընտանիքը։ 1950-ական թթ․, որոնք համընկան հնդիկ ժողովրդի ազատագրական, Հնդկաստանի ազատության և անկախության համար մղվող պայքարի ժամանակների հետ, ռեժիսորներն իրենց հայացքն ուղղեցին դեպի առօրյա կյանքը, մարդկանց պարզ գոյությունը, կեցության հիմնախնդիրները, որոնք գալիս էին երկրում առկա էլ ավելի մեծ խնդիրներից` պայմանավորված քաղաքական անկայուն իրավիճակով։ Ռեժիսորներն իրենց հերոսներին որոնում ու գտնում էին հասարակ մարդկանց մեջ։ Եվ չէին էլ վախենում ու նույնիսկ հաճախ սուր քննադատության էին ենթարկում հնդկական իրականության բացասական երևույթները։
Հնդկական «նոր ալիքին» միացան նաև Մրինել Սենը, Ռիթվիք Գհատակը, Արավինդանը, Շաջի Կարունը և այլք։ Սա նման էր իտալական նեոռեալիզմին, ֆրանսիական «նոր ալիքին»։ Այս հեղինակները մեծ ռեալիստներ ու հումանիստներ էին։ Ընտրելով վավերագրականությունը որպես մեթոդ` կինոէկրանի վրա նրանք շնչող կյանք էին արարում` խորապես ուսումնասիրելով մարդ արարածին, նրա հոգսերն ու մտածմունքները, նրա հետ վերապրելով նաև ուրախ պահերը։ Այս մեծատառով նկարիչների հայացքն ուղղված էր դեպի իրականն ու մարդը՝ միայնակ, անպաշտպան, բայց և անչափ գեղեցիկ, բարոյապես մաքուր ու անաղարտ։ Եվ կինոէկրանին նրանք ռեալությունը վրձնեցին առանց գունազարդման, կյանքը` առանց ավելորդ տոնահանդեսի։ Սևի ու սպիտակի արտահայտիչ գրաֆիկա և իսպառ բացակայող գույներ, որոնք միայն պետք է շեղեին գեղարվեստական ասելիքի բուն էությունից։
Բայց այսպես երկար շարունակվել չէր կարող։ Եկավ ժամանակ, երբ մարդիկ հոգնեցին էկրանին իրենց հոգսաշատ առօրյան, հարևանի կյանքից վերցված տխուր սյուժեները տեսնելուց։ «Հաց և հանդիսություն». ահա թե ինչ էր պետք մարդկանց։ Զվարճություն, որպեսզի գոնե մի երկու ժամով կտրվեին սեփական գորշ իրականությունից, հայտնվեին հեքիաթում, արթմնի անրջեին, ինքնամոռաց տրվեին երազանքներին։ Այսպես ահա ծագեց ֆիլմերի «մասալա» տեսակը։
«Մասալան» տեղական բազմազան համեմունքներով թեյ է, որի մեջ հավաքված են հնդկական հողում աճող ամենատարբեր՝ սուր, կծու, թթու և այլ համերի համեմունքներ: Խմում են առավոտյան, սառը և անպայման ըստ ճաշակի շաքար են ավելացնում։ Բայց ի՞նչ կապ ունի թեյը կինոյի հետ։ Շատ անմիջական։ Հիշենք հնդկական ֆիլմերը։ Դրանք իրականության ու հորինվածքի, էկրանային արվեստրի տարբեր ոճերի, ժանրերի և ուղղությունների ներդաշնակ խառնուրդ են հիշեցնում։ Կատակերգություն, ռոմանտիկա, դրամա, մելոդրամա՝ համեմված վառ ու սուր գործողություններով, նուրբ մեղեդային երաժշտությամբ և անչափ դինամիկ, ռիթմիկ պարային համարներով։ Ահա և շատ թունդ կինեմատոգրաֆիական կոկտեյլ։ Չի՞ հիշեցնում ամերիկյան հանրահայտ մյուզիքլները։ Միանգամայն։
Մանմոհան Դեսային` «մասալա» ուղղության լավագույն և ամենից հաջողակ ներկայացուցիչներից մեկը, սիրում էր կրկնել․ «Ես ցանկանում եմ ֆիլմեր նկարահանել, որտեղ ճակատագիրը՝ կարման, բարեհաճ է հասարակ մարդկանց հանդեպ, իսկ աստվածները զբաղված են իրենց հոտն առաջնորդելով»։ Ավելացնենք միայն, որ այս ուղղության ֆիլմերը չէին կարող շարունակ մնալ պարզ, պրիմիտիվ, սաղմնային վիճակում։ Ժամանակի հետ շատ մեծ ուշադրություն դարձվեց դրամատուրգիային, սցենարին։ Հեղինակները կուռ սյուժե էին կառուցում, հիմնավոր մշակում գլխավոր հերոսների բնավորությունները, որպեսզի արդյունքում կենդանի մարդիկ ստացվեին, ոչ թե երգող ու պարող պարզունակ սխեմաներ։ Շեշտն այժմ առավել քան պատմության, դրամայի վրա է դրված, դրա գրագետ մատուցման։ Իսկ 1990-ականներին Հնդկաստանում մեծապես ակտիվացան կին ռեժիսորները՝ Ապարնա Սենը, Պրեմա Կարնատը և Միրա Նաիրը։ Վերջինիս «Կամա Սուտրա կամ սիրո հեքիաթ» գեղեցիկ ու տպավորիչ կինոնկարը պետք է որ հայտնի լինի հայ հանդիսատեսին։
Երևում է, որ հատկապես վերջին տարիների հնդկական ֆիլմերն էլ ավելի տուրք են տալիս բարձր տեխնոլոգիաներին, հատուկ էֆեկտներին։ Դրանք ինչ-որ չափով կորցրել են կապն իրականության, կյանքի ու մարդու հետ. տեխնիկապես անթերի, բայց փուչ, դատարկ ու հոգեզուրկ, առանց թրթռուն զգացմունքի, շնչող նյարդի։ Իմ այս դիտարկումը հաստատեց նաև մեր հարևանուհի Մայան, որ տանը շատ է հեռուստացույց միացնում։ Երբ հարցրի նրան` այստեղ բոլիվուդյան արտադրության ֆիլմեր դիտում են, թե ոչ, գլուխը տարուբերեց` փաստարկելով, որ դրանք նման չեն իրենց ծանոթ կյանքին, ոտքից գլուխ սուտ, մտացածին ու հորինված են։ Ըստ տիկին Մայայի, որ կյանք տեսած ու իմաստուն մարդ է, դրանք ավելի շուտ փորձում են արևմտյան հանդիսատեսի համար թարգմանել խորհրդավոր արևելյան ոգին։
Եվ այսպես, պարզվում է` հնդկական ֆիլմերի հայրենիքում դրանք առանձնապես շատ չեն դիտում, փոխարենը շատ հեռուստացույց են նայում ու ամեն օր առավոտյան թերթ կարդում։ Էհ, մեդիան առաջ է անցել արվեստից, գոնե այս երկրում։ Բայց դա չի խանգարում հնդիկներին տարեկան 200-300 ֆիլմ նկարահանել։ Իսկ գեղեցկուհիներ Այշվարիա Ռայը, Լարա Դատտան և Պրիյանկա Չոպրան շարունակում են մեծ էկրանից մեզ՝ հասարակ մահկանացուներիս հետ խոսել հինդիով, ուրդույով, փանջաբիով և ամենահաղթ անգլերենով։
Քայլելով Բոմբեյի կամ Մումբայիի փողոցներով` հասկանում ես, որ Բոլիվուդն այստեղ ամենուր է և միաժամանակ ոչ մի տեղ։ Բոլիվուդը գոյություն ունի մարդկային կյանքի մեկ այլչափման՝ երևակայության մեջ։ Այն թաքնված է քաղաքի առօրեական ռիթմում։ Ամենօրյա վազքի մեջ չես էլ նկատում, թե ոնց են բոլիվուդյան աստղերն անընդմեջ հետևում քեզ գրեթե ամենուրեք տեղադրված բարձր վահանակներից։ Իսկ նրանց ժպիտն ասես լավ, բարի ու լուսավոր օր է ավետում։
Բայց տպավորիչ են հատկապես քաղաքի կինոթատրոնները՝ «Liberty Cinema», «Kora Kendra Hall», «Man Moni Hall», «Capitol» և ամբողջ Ասիայում ամենամեծը՝ «IMAX»-ը։ Այստեղ շատ ստուդիաներ կան` սփռված քաղաքով մեկ։ Վառ ու գույնզգույն դեկորացիաներն ու ռեկվիզիտն ամենուր են այստեղ։ Իսկ փառահեղ աստղերի շքեղ վիլլաներն այնպես են կառուցված, որ ոչ ոք հանկարծ չիմանա դրանց տեղն ու չանհանգստացնի բոլիվուդյան Օլիմպոսի ամենակարող կիսաստվածներին։
Օրվա վերջում էլ արդեն հոգնած ճանապարհվում ենք դեպի «RK-Studio»։ Դա Ռաջ Կապուրի ստուդիան է` հանճարի նախկին ու միակ ստուդիան։ Քաղաքի արվարձաններից մեկով ենք շարժվում, մի նեղլիկ ճանապարհով, որի երկայնքով ռեստորաններ, սրճարաններ, խանութներ ու կրպակներ են շարված, իսկ Ճամփեզրին` նստոտած անթիվ աղքատ մարդիկ, որոնք այնուամենայնիվ երջանիկ են. անհոգ և ժպտով ուղղորդում դեպի աշխարհի ամենից հայտնի «թափառաշրջիկի» վերջին ապաստարան։ Բոմբեյը կոնտրաստների քաղաք է, որտեղ շքեղությունն ու աղքատությունը կողք կողքի են։
Իսկ ստուդիան այսօր թանգարանի է նման, որտեղ խնամքով պահպանվում է Ռաջ Կապուրի հագուստը՝ հայտնի կոստյումը, որով նա փայլում էր իր հանրահայտ ֆիլմում։ Ու նաև նրա հանդերձարանը, մոնտաժի սեղանը։ Այս նվիրական տարածքում, սակայն, այսօր դատարկություն է, նաև՝ տարիների փոշի, որը ժամանակի հետ հաստ շերտի տակ կծածկի անխնա ամեն ինչ։ Բայց Ռաջ Կապուրը` այդ մեծ սրտով թափառաշրջիկը, կապրի բոլորիս մեջ, քանի դեռ չենք կորցրել մեր ներսի մաքրությունն ու մանկությունը։
Առավել մանրամասն՝ Այստեղ