Շտա՛պ,hրաժարականի դիմում,ով ում է ներկայացրել.
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՆապոլեոն Բոնապարտի հույժ կարևոր ձեռագրերից մեկը՝ շուրջ 200-ամյա հրաժարականի դիմումը, պահվում է Հայաստանում՝ Երևանի Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի արխիվում:
1814 թ-ի մարտի 31-ին Նապոլեոնի դեմ միավորված դաշնակից բանակները Ռուսաստանի կայսր Ալեքսանդր Ա-ի գլխավորությամբ մուտք են գործում Փարիզ: Պարտված Նապոլեոնն առանձնանում է Ֆոնտենբլոյի ամրոցում ու հեռվից հետևում տեղի ունեցող իրադարձություններին:
Ապրիլի 6-ին, դաշնակիցներից ստանալով հրաժարականի պահանջով վերնագիրը, իրավիճակը սթափ գնահատող Բոնապարտն ամբողջ գիշեր արթուն է մնում, իսկ լուսաբացին ընթերցում է շտապ ու անընթեռնելի ձեռագրով գրված հրաժարականի հակիրճ տեքստն ու ստորագրում այն:
«Նկատի ունենալով, որ դաշնակից տերությունները հայտարարել են, թե կայսրը հանդիսանում է Եվրոպայում խաղաղություն հաստատելու միակ խոչընդոտը, ապա կայսրը, հավատարիմ իր երդմանը, հայտարարում է, որ իր և իր զավակների անունից հրաժարվում է Ֆրանսիայի և Իտալիայի գահերից, և չկա մի զոհաբերություն, անգամ՝ կյանքը, որն ինքը պատրաստ չլինի կատարելու հանուն Ֆրանսիայի»,- գրված է Նապոլեոնի ձեռագրում:
Վավերագրին կից արխիվում պահպանվում է նաև ռուսերեն մեքենագիր մի վկայական, որտեղ տրված է նաև փաստաթղթի Հայաստան հասնելու ուղին:
Ուսումնասիրողներից շատերի կարծիքով՝ հրաժարականի այս տարբերակը տարիներ շարունակ պահվել է Ռուսաստանի կայսերական արխիվում, ապա այնտեղից անցել է գեներալ Աստաֆիևի ձեռքը: Աստաֆիևների ընտանեկան արխիվից այն վաճառվել է թիֆլիսաբնակ գրասեր իշխան Արգուտինսկուն, ապա՝ երաժշտագետ Վասիլի Կորգանովին: Կորգանովի մահից հետո նրա փաստաթղթերի հարուստ արխիվը նվիրաբերվել է ազգային գրադարանին, որտեղից էլ Նապոլեոնի նամակն ու մի շարք այլ պատմական փաստաթղթեր փոխանցվել են Երևանի Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանին:
Ձեռագրի համապատախան փորձաքննությունը ցույց է տվել, որ այն կրկնօրինակ է, բայց, քանի որ դրա բնագիրը գոյություն չունի, այսօր այն ստացել է բնագրի արժեք: Թե կոնկրետ ում է հասցեագրված եղել հրաժարականի այս տարբերակը, մասնագետները դժվարանում են պատասխանել, քանի որ նամակի վրա հասցեատեր նշված չէ: Վարկած կա, որ այն սևագիր տարբերակ է: