Հռոմի պապից ավելի կաթոլիկ. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
«Չուտել մարդու միս, խմել այծի կաթ»: Հիշո՞ւմ եք, չէ՞: Անկեղծ, այս օրերին երբեմն ուզում ես ոմանց ճիշտ այդ նախադասությամբ դիմել: Դե, լավ, համոզեցիք. այծի կաթը՝ մի կողմ, բայց երբեմն ուզում ես շատերին շարել մի պատի տակ ու... չէ, այդքան դաժան երևակայություն պետք չէ ունենալ, ի՞նչ անցավ մտքներովդ: Ու... ասել՝ տղերք, բավական է իրար միս ուտեք, մի քիչ հանգիստ ապրեք: Ընդ որում, որքան էլ հիմա տարօրինակ թվա, մեր այս խոսքը գրեթե քաղաքական գործիչների մասին չէ, խորհրդարանի մասին չէ: Խոսքը շարքային քաղաքացիների (կամ այլ կերպ ասած՝ ֆեյսբուքահայության) ու «սատելլիտների» մասին է: Հատկապես վերջիններիս: Հասկանալի է մղումը պաշտպանել այս կամ այն կողմին, հասկանալի է սեփական (ավելի շատ՝ ոչ սեփական) տեսակետները պաշտպանել հանց Հունան Ավետիսյան: Սակայն, սիրելի տղաներ ու աղջիկներ, ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ, ավելին՝ տեղեկատվական հակամարտության մեջ հայհոյանքն ու ծայրահեղականությունը միշտ հակառակ էֆեկտն են տալիս: Սա մենք չենք ասում, սա դասագրքային ճշմարտություն է, որովհետև հայհոյանքը, անձնական վիրավորանքը, դիմացինին «պատին ծեփելու» ցանկությունը ոչ միայն թուլության, այլև փաստարկների պակասի կամ իսպառ բացակայության նշան են: Վերջիվերջո, ամեն ինչ ժամանակավոր է, ինչի վառ վկայությունն էր վերջին մեկ ամսում անհնարին թվացող երևույթների հնարավոր դառնալը: Ժամանակավոր են նաև որոշակի հակասությունները, առավել ևս, երբ տեղեկատվության պակաս ունես: Այնպես որ, այսօր չէ, վաղը էլի միմյանց աչքերի մեջ եք նայելու: Ո՞նց եք նայելու, երբ ոչ մի սրբություն, պարկեշտության ոչ մի սահման չեք պահել: Ուրեմն, Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևացողները, իրենց նվիրումը (այլ բառ չենք օգտագործի) անմնացորդ ի ցույց դնողները մի օր կարող են կանգնել այնպիսի վիճակի առջև, երբ հետին թվով շատ կափսոսան այս օրերին արտաբերված ու գրված ամեն բառի համար: Ժողովուրդն ասում է՝ մի բան ասելուց կամ անելուց առաջ «տասը չափիր, նոր կտրիր», այսինքն՝ կանգ առեք մի պահ, շունչ քաշեք, ուզո՞ւմ եք՝ մի բաժակ էլ սառը ջուր խմեք: Այ, դրանից հետո ինչ ուզում եք, արեք:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում