Ղազախստանում անցած տարի կորած ձիերին հայտնաբերել են լճում` սառած վիճակում «Հայկական ժամանակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆՂազախստանում Էկիբաստուզա քաղաքից ոչ հեռու գտնվող լճում 42 ձիերի սառած մարմիններ են հայտնաբերվել: Ձիերն անհետացել էին անցած տարվա վերջում:
Ինչպես հայտնում է Interfax-ը, ձիերի սեփականատերը Շիկըլդակ գյուղի բնակչուհի է, ով իր երամակի անհետացման մասին հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն դեռեւս դեկտեմբեր ամսին: Կնոջ խոսքով` իր կրած վնասը հասնում է 9 միլիոն տենգեի կամ` շուրջ 340 հազար դոլարի:
Հաղորդվում է, որ տեղի բնակիչները սկզբում փորձել են գտնել ձիերին ինքնուրույն, քանի որ հաճախ է լինում, որ կենդանիները գնան հեռու վայրեր եւ հետ վերադառնան երկու-երեք շաբաթ հետո:
Այս անգամ, սակայն, ամեն ինչ այլ ավարտ է ունեցել: Ձիերը հայտնաբերվել են Շիկըլդակ քաղաքից 12 կիլոմետր հեռավորությամբ գտնվող լճում` սառած: Նախնական վարկածով` կենդանիները մտել են ճահճացող լիճ, չեն կարողացել դուրս գալ եւ սառել են:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ղազախստանում պատրաստվում են ձիերին GPS նավիգատորներ ամրակցել՝ ձիագողության դեմ պայքարի շրջանակներում: