Թուրքիայում ձերբակալվել են Ֆրանսիական կոմունիստական կուսակցության պատվիրակության անդամները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքական ոստիկանությունը կիրակի օրը ձերբակալել է Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության (FKP) 3 անձինց բաղկացած պատվիրակությանը, որը ժամանել էր ընտրություններին հետեւելու համար: Այս մասին նշվում է ֆրանսիական կոմունիստների կազմակերպության տարածած հայտարարության մեջ, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
Հայտարարության մեջ նշվում է, որ «պատվիրակության անդամները կիրակի առավոտյան կանգնել է Թուրքիայի Հանրապետության դատախազության առջեւ»: Նրանք ձերբակալվել են Իրանի եւ Հայաստանի սահմանի մոտակայքում գտնվող Ագրի քաղաքում:
«Թուրքական իշխանություններն այս քայլով մտադիր են լռեցնել բոլոր այն ձայները, որոնք դատապարտում են ընտրությունների ժամանակ տեղի ունեցող զանգվածային մեքենայությունները»,- համոզված է ֆրանսիացի կոմունիստները: Մասնավորապես, այս նպատակով, ըստ FKP-ի, Twitter-ի միջոցով թուրքական վարչակազմը լուրեր է տարածել այն մասին, որ «պատվիրակության անդամներն իրականում կեղծ դիտորդներ են եւ եկել են ընտրությունների ընթացքը մանիպուլացնելու նպատակով»:
Հիշեցնենք, որ կիրակի օրը Թուրքիայում անցկացվող արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններում ընտրատեղամասերը փակվել են 17:00-ին: Սպասվում է, որ քվեարկության առաջին արդյունքները կհրապարակվեն առաջիկա երկու ժամվա ընթացքում: