ՀՀԿ-ի վերջին զոհը.«Ժամանակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժամանակ» թերթը գրում է. «Նկատելի է, որ առաջիկա ներքաղաքական զարգացումներում ՀՀԿ-ն փորձելու է խաղարկել սերնդափոխության խաղաքարտը, հասարակական աջակցության ակնկալիքով՝ փորձելով նախընտրական շրջանում հասարակության մոտ տպավորություն թողնել, որ ՀՀԿ-ի իմիջը փոխվում է, որ ՀՀԿ-ն բերում է նոր սերնդի ներկայացուցիչներ, որոնք թաղային մականունավորներ, օլիգարխներ չեն, որոնք կթրված են, տարբեր լեզուներ գիտեն, որոնք ինտելեկտուալ են, «Ինչ, որտեղ, երբ» խաղալ գիտեն եւ այլն:
Այս ամենն իհարկե վատ չէր լինի, եթե դրա տակ լիներ համարժեք բովանդակություն, եւ այդ շերտը ոչ թե ծառայեր ՀՀԿ քրեաօլիգարխիկ բնույթի շղարշ, այլ լիներ իսկապես պետականության զարգացմամբ մտահոգ նոր սերունդ: Սակայն հանրությունն արդեն իսկ առիթներ ունեցել է տեսնելու, թե այդ իմաստով իրենից ինչ է ներկայացնում ՀՀԿ-ի նոր սերունդը, եւ հետեւաբար հանրությանը դժվար չի լինելու պատկերացնել, թե ինչ կարող է նշանակել ՀՀԿ-ի սերնդափոխությունը:
Դա լինելու է ոչ այլ ինչ, քան ՀՀԿ-ի քրեաօլիգարխիկ ռեսուրսի մոտ վճարովի ծառայության անցած մի «սերունդ», որի խնդիրն է լինելու ավելի քաղաքակիրթ շղարշով կամ ծխածածկույթով ապահովել այդ քրեաօլիգարխիկ առանցքի անվտանգ եւ կայուն ապագան: Վերջին հաշով, սա լինելու է ՀՀԿ սերունդների մի կոնսենսուս, որտեղ քրեաօլիգարխիան գալու է պրագմատիկ եզրահանգման՝ ավելի լավ է բարձր վճարել ներկուսակցական նոր սերնդին իշխանական պաշտոններում, քան ստիպված լինել անընդհատ ապրել ամեն ինչ կորցնելու վախով եւ տագնապով:
Ընդ որում՝ սա էլ երկարաժամկետ խնդիր է, քանի որ սերնդափոխության հանգամանքը լինելու է առավելապես նախընտրական խաղարկում: Ավելին՝ իշխանությունը լավ է հասկանում, որ հասարակությունը կուլ չի տալու սերնդափոխության խայծը: Առավելագույն արդյունքը ակնկալվում է այն, որ գոնե դժգոհությունը մի փոքր մեղմվի, լարվածությունը ՀՀԿ հանդեպ մի փոքր նստի: Իսկ ընտրության արդյունքները նկարելուց հետո ՀՀԿ-ն անկասկած վերադառնալու է ելման դիրք: Ըստ որում՝ այստեղ նույնիսկ խիստ հարաբերական է, թե որն է ավելի լավ՝ հանրության համար առավելապես բացված քրեաօլիգարխիկ սեգմենտի ուղղակի, անմիջական պատասխանատվության թիրախո՞ւմ գտնվելը, թե՞ այսպես ասած՝ ինտելեկտուալ սերնդի ստվերում պատսպարվելը եւ պետության ու հասարակության դեմ կատարվող ոտնձգությունները «ինտելեկտի» զրահով պատելը:
Առավել եւս, որ ՀՀԿ-ի ինտելեկտուալները կամ այդ սերնդի առաջամարտիկները արդեն բավական հարուստ կենսափորձով են ապացուցել, որ պատրաստ են առավել անկաշկանդ ու անբռնազբոս կերպով արդարացնել «հին սերնդի» ցանկացած քայլ, ցանկացած հանցանք եւ զանցանք: Ավելին՝ «հին սերնդի» ներկայացուցիչները իրենց քայլերի համար հանրության առաջ որեւէ պատասխան տալիս ակնհայտորեն արդարանում են, որոշակիորեն քրտնում, խառնվում իրար, նյարդայնանում անհարմար վիճակի գիտակցումից, իսկ «երիտասարդ ինտելեկտուալներն» ամեն ինչ արդարացնում են ինքնավստահ առոգանությամբ եւ առանց դեմքի որեւէ մկան շարժելու: Հայաստանում գործնականում ամեն ինչ դարձել էր ՀՀԿ-ի զոհը, մնացել է միայն, որ ՀՀԿ-ն վարկաբեկի եւ արժեզրկի նաեւ ինտելեկտ հասկացությունը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում