Նոր թատերաշրջանը կմեկնարկի հետաքրքիր առաջնախաղերով
ՄՇԱԿՈՒՅԹԱմառային կարճատև դադարից հետո թատրոնները վերադառնում են իրենց բնականոն հունին: Արվեստասերները նոր թատերաշրջանում հնարավորություն կունենան դիտել ինչպես հին, այնպես էլ նոր բեմադրություններ:«Արմենպրես»-ը ծանոթացնում է երևանյան մի քանի թատրոնների մեկնարկային ներկայացումներին և սպասվող առաջնախաղերին:
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը սեպտեբերի 27-28-ին իր դռները կբացի պրեմիերայով: Թատերասերների դատին կհանձնվի մի ամբողջ ազգի կողմից հորինված, դարերի ընթացքում պատմված «Սասնա ծռեր» ժողովրդական բանավոր ստեղծագործության հիման վրա բեմադրված համանուն ներկայացումը, որի ռեժիսորը Սամսոն Մովսեսյանն է: Մեզ հետ զրույցում ռեժիսորն ասաց, որ իրենք փորձել են օգտագործել ժամանակակից թատրոնի լեզուն, որը չի ենթադրում միայն տեխնիկական միջոցներ, այլև դերասանական հետաքրքիր կատարումները, սինթեզն արվեստի տարբեր տեսակների հետ: «Բեմում կենդանի երաժշտություն կհնչի, կտեսնենք դերասանների, ովքեր երգում են, նվագում, պարում, ովքեր տիրապետում են իրենց մարմնին: Կլինեն արտիստներ, ովքեր, կերպարանափոխվելով, մի քանի դերում հանդես կգան: Կա «էպիկական թատրոն» հասկացությունը, և մեր ներկայացումն այդ ոճում է»,- շեշտեց Մովսեսյանը:
«Սասնա ծռեր» բեմադրության համար հետաքրքիր թիմ է հավաքվել: Այլ թատրոններից հրավիրվել են դերասանուհիներ Լիլի Էլբակյանը և Սոնա Մաթևոսյանը: Սասունցի Դավթին կմարմնավորի Խորեն Լևոնյանը, ընդգրկվել են Մայր թատրոնի հիմնականում երիտասարդ դերասանները:
Երևանի պետական կամերային թատրոնը նոր թատերաշրջանը կսկսի սեպտեմբերի 7-ին «Սիրո խոստովանություն» ներկայացմամբ, որի հեղինակը և բեմադրիչը թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանն է: Բեմադրության մեջ ներգրավվել են դերասաններ Ռաֆայել Երանոսյանը, Անի Լուպեն, Սենիկ Բարսեղյանը, Վահե Զիրոյանը, Հասմիկ Դանիելյանը: Երաժշտական ղեկավարը Վահե Գրիգորյանն է:
Ներկայացումը նվիրված է Երևան քաղաքի 2797-ամյակին: Սա մեր մայրաքաղաքի պատմությունն է` համեմված քնարական հումորով և Երևանին նվիրված հին ու նոր սիրված երգերով:
«Սիրո խոստովանություն»-ը ջերմ, տեղ-տեղ մի փոքր թախծոտ և անչափ զգացմունքային պատմություն է՝ Երևանի և երևանցիների մասին:
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը աշխատանքը կսկսի սեպտեմբերի 14-ին Ալեքսանդր Շիրվանզադեի «Մորգանի խնամին» երկու գործողությամբ երաժշտական կատակերգությամբ: Ներկայացման բեմադրիչը թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանն է: Ընդգրկված են դերասաններ Հովակ Գալոյանը, Նարեկ Ներսիսյանը, Անի Քոչարյանը: Երաժշտության հեղինակն է Արամ Սաթյանը:
«Մորգանի խնամին» ստեղծագործության հերոսները կուռք են դարձնում փողը` վերածվելով դրա գերիներին:
Տարվա ընթացքում թատրոնում կներկայացվի երկու առաջնախաղ: Կբեմադրվեն Ալեքսանդր Շիրվանզադեի «Շառլատանը» և Հակոբ Պարոնյանի «Երկու տերով ծառա մը» ներկայացումները:
Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը հոբելյանական՝ 50-րդ թատերաշրջանը կբացի սեպտեմբերի 9-ին Ժան Կլոդ Իսլերի «Սերը տարիք չի հարցնում» ներկայացմամբ: Բեմադրությունն իրականացրել է Հրաչյա Հարությունյանը:
Դերերում են Հրաչյա Հարությունյանը, Գոհար Իգիտյանը, Արտաշես Մխիթարյանը, Նարինե Պետրոսյանը, Մարիամ Ադամյանը: Ֆրանսիացի դրամատուրգ ժան Կլոդ Իսլերի պիեսի սյուժեում 20-ամյա ուսանողուհի Սառան սիրահարված է իր մաթեմատիկայի դասախոս Էդուարդ Կոլումբին։ 52-ամյա պրոֆեսորին հանգիստ չի տալիս նախկին կինը՝ պարբերաբար ներխուժելով նրա կյանք։
Այս տարի թատրոնը թատերասերների դատին կհանձնի նաև Սեմ Բոբիկի «Եթե անկեղծ խոսենք» ներկայացումը: Տեղի կունենա նաև Ռեյ Կունիի ու Ջոն Չեպմենի պիեսի հիման վրա իրականացված «Տիկնայք և պարոնայք» բեմադրության առաջնախաղը:
Երևանի մնջախաղի պետական թատրոնն իր թատերաշրջանը կբացի սեպտեմբերի 13-ին «Խաղ» միմոդրամայով: Հեղինակը և բեմադրող ռեժիսորը թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանն է: Դերերում են Նաիրա Եդիգարյանը և Մանվել Սարգսյանը:
Բեմադրության հիմքում արևելյան լեգենդ է արքայի ու գեղեցկուհու մասին: Գայթակղություն, դավաճանություն, սեր, խարդավանք, միստիկա և, վերջապես, մահ:
Ժիրայր Դադասյանը մեզ հետ զրույցում նշեց, որ սեպտեմբերի 20-ին թատրոնում կներկայացվի Յուրի Կոստանյանի «Գիրք ծաղկանց» բեմադրությունը, որի ողջ հասույթը կտրամադրվի Շիրակի երկրագիտական թանգարանի հիմնանորոգմանը։ Թատերասերները հնարավորություն կունենան ծանոթանալ նաև իմպրովիզացիոն արվեստին՝ տարվա ընթացքում դիտելով «Թատրոն ափի մեջ» նախագիծը, որը պատկանում է Յուրի Կոստանյանին:
Պետական կամերային երաժշտական թատրոնը կբացվի սեպտեմբերի 21-ին Հ. Թումանյանի «Տերն ու ծառան» մանկական ներկայացմամբ, որի բեմադրող ռեժիսորը և նկարիչը Վիգեն Ստեփանյանն է:
Երբ Մաթոսն անխղճորեն աշխատեցնում և առանց վարձը տալու վռնդում է իր ծառային, վերջինիս եղբայրը՝ Սիմոնը, ծառայության է անցնում նույն տիրոջ մոտ։ Իր հնարամտության շնորհիվ Սիմոնը կարողանում է բարկացնել տիրոջն ու հասնել արդարության:
Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնն իր նոր թատերաշրջանը կսկսի սեպտեմբերի 15-ին Մաքս Ֆրիշի «Սանտա Կրուս» պիեսի հիման վրա բեմադրված համանուն ներկայացմամբ: Բեմադրության հեղինակը թատրոնի գեղարվեստական ղեկավար ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Չալդրանյանն է: Բեմադրության մեջ ներգրավվել են Համազգային թատրոնի դերասաններ Ալլա Սահակյանը, Վարշամ Գևորգյանը, Արման Նավասարդյանը, Դավիթ Հակոբյանը, Վանիկ Մկրտչյանը, Նարեկ Բաղդասարյանը, Արմինե Անդրեասյանը, Կարեն Խաչատրյանը և այլք: Ներկայացման մեջ զբաղված են նաև Վիգեն Չալդրանյանի արվեստանոցի ուսանողները:
Անսովոր և հետաքրքիր հնարքներով մասշտաբային ներկայացումն ունի պայմանական ժանրային բնորոշում՝ «Թատերախաղ՝ երազում» բաղկացած է երկու գործողությունից, տևում է երկու ժամ: Սա պիես է կյանքի իմաստի, հավերժական սիրո, ճակատագրի անխուսափելիության, միայնության, կին-տղամարդ հակասությունների թնջուկի մասին»՝ ահա ներկայացման քվինտէսենցիան, բուն էությունը:
Ներկայացրեց Անժելա Համբարձումյանը