Մանկապատանեկան գրականության շաբաթը մեկնարկեց Մարտունի քաղաքից
ՄՇԱԿՈՒՅԹԳեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցում տրվեց մանկապատանեկան գրականության շաբաթը, որը կընթանա Հայաստանի այլ մարզերում եւ կավարտվի մայրաքաղաքում, ապրիլի առաջին շաբաթվա վերջում:
«Մանկապատանեկան գրականության շաբաթն» անցկացվում է ՀՀ Մշակույթի նախարարությ ան աջակցությամբ, ՀՀ «Գրողների միության» նախաձեռնությամբ եւ մի շարք հայտնի մանկագիրների, գրողների ու գրականագետների անմիջական մասնակցությամբ: «Մանկապատանեկան գրականության շաբաթը» բացվեց ՀՀ «Գրողների միության» նախագահ Էդվարդ Միլիտոնյանի եւ Գեղարքունիքի մարզպետ Անդրանիկ Հակոբյանի խոսքերով:»
Մենք որոշեցինք մանկապատանեկան գրականության շաբաթը բացել Մարտունի քաղաքում, քանի որ թե՛ ԽՍՀՄ տարիներին, թե՛ այժմ Մարտունու շրջանն առաջատարն է ծնունդների քանակով, որտեղ կան գրքի ու գրականության հանդեպ հետաքրքրություն ցուցաբերող դպրոցահասակ շատ երեխաներ, ովքեր ձեւավորում են մերօրյա գեղեցիկ ներկան: Գրականությունը կյանքի ամենամաքուր հայելին է, եւ մենք ձգտում ենք երեխաների մեջ ստեղծագործ անհատին ձեւավորել գրականության միջոցով: Բարձրագույն նպատակներին հասնելու ամենակարճ ճանապարհը գիրք կարդալն է: Հարկ է խոստովանել, որ հայ մեծանուն բոլոր գրողները մեր ազգին ուժ ու ոգի են ներարկել, Արցախյան գոյամարտում տարած մեր հաղթանակում մեծ է նաեւ հայ գրականության դերը»,-դահլիճում հավաքված ներկաներին՝ գրասերներին, ուսուցիչներին ու աշակերտներին դիմեց ՀԳՄ նախագահ, բանաստեղծ եւ մանկագիր Էդվարդ Միլիտոնյանը:
«Այսօր յուրօրինակ տոն է Մարտունի քաղաքում, որն ընդունել է «Մանկապատանեկան գրականության շաբաթվա» մեկնարկի մասնակիցներին:Մեր ժողովուրդը դարեդար սիրել է գիրքը, ապրել գրականության ու մշակույթի արժեքներով, եւ այդ սերն է մեզ ապրեցրել հազարամյակների մեջ:Ազգապահպանությունը, ստեղծագործ ու հայրենասիրական ոգին սկսվում են գրից ու գրականությունից: Կոչ եմ անում՝ շատ կարդալ, գրականության միջոցով հաղորդվել գիտելիքներին, ազգային ու համամարդկային գրական արժեքներին, լինել առավել գրագետ ու կիրթ, քանի որ միայն գրագետ սերունդն է ի զորու ավելի զորացնել ու շենացնել այսօրվա ու վաղվա Հայաստանը»,-ներկաներին դիմեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը:
«Համոզված եմ, որ ձեր այցը շատ կարեւոր արձագանք կունենա մեր քաղաքի դպրոցական աշակերտների մոտ, նրանց մեջ սեր կարթնացնի դեպի գիրն ու գրականությունը, ստեղծագործելու ձիրքերի ցուցադրումը»- Մարտունի ժամանած մանկագիր հյուրերին դիմեց քաղաքապետ Բագրատ Հարությունյանը: Ներկաներին ողջունեցին եւ իրենց ստեղծագործություններից հատվածներ կարդացին մանկագիրներ Երվանդ Պետրոսյանը, Ռոզա Եղիազարյանը, «Ծիծեռնակ» ամսագրի խմբագիր Անուշ Վարդանյանը, «Ցոլքեր» ամսագրի խմբագիր Հռիփսիմեն, Սաթենիկ Ղազարյանը, գրականագետներ Լյուդվիգ Կարապետյանը եւ Նորայր Ղազարյանը: Միջոցառմանը ներկա գտնվող մանկագիրների ստեղծագործություններից հատվածներ արտասանեցին Մարտունու թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտները:
«Մանկապատանեկան գրականության շաբաթվա» շրջանակներում Մարտունու թիվ 2 հիմնական դպրոցում բացվեց մանկական գրականության ցուցահանդես-տոնավաճառ, որտեղ ներկայացվեցին վերջին երկու տարիներին ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ լույս տեսած մանկապատանեկան գրքերը:»Նման միջոցառումները, կարծում եմ, մեր իրականության մեջ ընդլայնում են ընթերցողական դաշտը, «Գրքի օրվա», «Պոեզիայի օրվա», «Գրադարանային շաբաթվա», «Մանկապատանեկան գրականության շաբաթվա», այլ միջոցառումների շնորհիվ փորձում ենք մարդկանց կապել ընթերցանության հետ, ճանաչել տալ գրական ստեղծագործություններն ու մեր մեջ ապրող գրողներին:Այսօր աշակերտները կարողացան անմիջականորեն շփվել մեր ժամանակակից մանկագիր գրողների հետ, որոնց ստեղծագործությունները նրանց ծանոթ են դպրոցական դասագրքերից, մանկական հանդեսներից»,- կարեւորեց Էդվարդ Միլիտոնյանը: