«Սասնա ծռերը» նոր շունչ կստանա ներկայացման տեսքով
ՄՇԱԿՈՒՅԹ«Սասնա ծռեր» հայկական ժողովրդական էպոսի հիման վրա բեմադրված համանուն ներկայացումը հետաքրքիր և ժամանակակից մոտեցումներով կհանձնվի թատերասեր հանրության դատին:
Բեմադրության առաջնախաղը տեղի կունենա սեպտեմբերի 27-ին Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:
«Ներկայացումը թատրոնի կապիտալն է,թատրոնի հարստությունն է,և մենք առաջին անգամ փորձ ենք անում բեմականացնել էպոսը: Սա բավականին խիզախ քայլ է: Արմեն Էլբակյանի և իմ քաղաքականությունն այն է, որ թատրոնը, թատերարվեստը պետք է բաց լինեն. թատրոն պետք է ներգրավվեն շնորհալի, երիտասարդ ստեղծագործողները: Երկար փնտրեցինք և գտանք երիտասարդ բեմադրող Սամսոն Մովսեսյանին, որը մեծ հաջողություններ ունի թե՛ Հայաստանում, թե՛ մեր երկրի սահմաններից դուրս, և այս կարևորագույն գործը հանձնեցինք նրան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` սեպտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը:
Նա հավելեց, որ հետաքրքիր ներկայացում է ստացվել նոր լուծումներով, մոտեցումներով ու սկզբունքներով: Մկրտչյանը լիահույս է, որ թատերասերները կսիրեն «Սասնա ծռեր» ներկայացումը:
Թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանիխոսքով`ներկայացման մեջ զբաղված են թատրոնի երիտասարդ ուժերը:
«Այս բեմադրության վերաբերյալ բավականին բարդ զրույցներ ենք ունեցել, որովհետև շատ լավ գիտակցում ենք, որ «Սասնա ծռերը» հայկական «Աստվածաշունչ»-ն է: Սա երիտասարդական ներկայացում է, և բոլորը մեծ նվիրումով են աշխատել, նոր էներգիա, ռիթմ է մտել թատրոն»,-ընդգծեց Էլբակյանը:
Վարկածի և բեմադրության հեղինակ Սամսոն Մովսեսյանն ասաց, որ յուրաքանչյուր ռեժիսոր բեմադրություն անելիս պատմում է իր հեքիաթը: «Մենք մեր հեքիաթն ենք պատմում: Հուսով եմ` այն կհասնի հանդիսատեսին»,-նշեց ռեժիսորը:
Նա շեշտեց, որ մի ներկայացումը մյուսից տարբերվում է ձևաչափով, լուծումներով, կատարված աշխատանքի ծավալներով: Մովսեսյանը խոստովանեց, որ «Սասնա ծռերի» խնդիրը մարդկանց մեր ազգային հարստության մասին հիշեցնելն է, այն նոր շնչով ներկայացնելը:
«Այս ներկայացմամբ ցանկանում ենք ասել, որ հայրենիքը սկսվում է մեզանից: Հայրենասիրությունը պարզապես վերացական հասկացություն չէ. այն արտահայտվում է քո և մտերիմներիդ հետ հարաբերություններում, դրսևորովում է մեր արարքներով: Այս էպոսում մեր ժողովուրդը դա ցույց է տալիս»,-նշեց նա:
Խոսելով գլխավոր դերակատարի` Խորեն Լևոնյանի մասին, Սամսոն Մովսեսյանն ասաց, որ նրա հետ հետաքրքիր համագործակցություն է ստացվել, քանի որ Լևոնյանը կարողանում է պրպտել, որոնել և իր դերերի հետ կապված առանձնահատուկ մոտեցումներ գտնել:
Ներկայացման մեջ ներգրավվել են դերասաններ Խորեն Լևոնյանը, Հովհաննես Գասպարյանը, Սոնա Մաթևոսյանը, Դավիթ Գասպարյանը, Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Խաչատրյանը, Ծովինար Մարտիրոսյանը, Լուսինե Կոստանյանը, Ռուզաննա Հախնազարյանը, Ռոման Բաբայանը, Մեսրոպ Աբտոյանը, Տաթև Հոռոփյանը, Գուրգեն Դավթյանը, Գևորգ Խաչիկյանը, Շահեն Հախվերդյանը, Ռոզի Վարդանյանը: