5 հայեր, որոնք գրավել են Հոլիվուդը
ՄՇԱԿՈՒՅԹԱշխարհի տարբեր ծայրերում բնակվող շատ ֆիլմասերների մոտ Հոլիվուդը զուգորդվում է բարձրորակ ֆիլմարտադրության հետ, որի շրջանակներում թողարկված ֆիլմերը հավակնում են միջազգային հայտնի մրցանակների:
Օրերս rusarminfo.ru կայքը ներկայացրել է հոլիվուդյան կինոարտադրության մեջ հայկական ծագում ունեցող առավել հայտնի դերասանների և կինոգործիչների հնգյակը, որը ներկայացնում ենք ստորև.
Սթիվեն Զայիլյան
Ամերիկահայ կինոսցենարիստ Սթիվեն Զայիլյանը սովորել է Կալիֆոռնիայի համալսարանի ֆիլմարվեստի ֆակուլտետում: Նրա առաջին ինքնուրույն աշխատանքը 1984թ.-ին նկարահանված «Բազեն և ձնեմարդը» (The Falcon and the Snowman) ֆիլմն է, որում գլխավոր դերերում Շոն Փենն ու Թիմոթի Հաթթոնն են:
Առաջին հաջողություններից հետո Զայիլյանը 1990-ականներին Ռոբերտ դե Նիրոյի մասնակցությամբ «Արթնացումներ» ֆիլմի համար առաջադրվել է «Օսկար» մրցանակաբաշխությանը: Սցենարիստի ամենահայտնի ֆիլմը «Շինդլերի ցուցակ»-ն (Schindler's List) է, որի համար նա արժանացել է «Օսկար»-ի, «Ոսկե գլոբուս»-ի և այլ մրցանակների:
Զայիլյանն այնպիսի հայտնի ֆիլմերի սցենարի հեղինակներ է, ինչպիսիք են «Հաննիբալ»-ը (Hannibal), «Նյու Յորքի ավազակախմբերը» (Gangs of New York), «Վիշապի դաջվածքով աղջիկը» (The Girl with the Dragon Tattoo) և այլն:
Էնդի Սերքիս
Անգլիահայ դերասան, ռեժիսոր և սցենարիստ Էնդի Սերքիսը (Սարգսյան) ծնվել է 1964թ.-ին Լոնդոնում՝ Քլեմենտ Սարգսյանի և անգլուհի Լիլի Վիչի ընտանիքում: Որպես դերասան Սերքիսը նկարահանվել է ավելի քան 30 դերերում, իսկ որպես ռեժիսոր նկարահանել է «Հոբիթ. անսպասելի ճանապարհորդություն» (The Hobbit: An Unexpected Journey), «Մաուգլի» (Mowgli: Legend of the Jungle) և այլ հայտնի ֆիլմեր:
Սերքիսն առաջադրվել է «Ոսկե գլոբուս», «Էմմի» և Ֆիլմի և հեռուստատեսային արվեստի բրիտանական ակադեմիայի մրցանակների համար:
Հյուզ եղբայրներ
Կինոռեժիսորներ Ալլեն և Ալբերտ Հյուզ եղբայրները ծնվել են աֆրոամերիկացու և ամերիկահայի ընտանիքում: Հյուս եղբայրների ամենահայտնի ֆիլմերից մեկը՝ « Սպառնալիք 2. հասարակություն» (Menace II Society), ցուցադրվել է Կաննի փառատոնի ժամանակ: Այդ ժամանակվանից ի վեր եղբայրները ևս մի քանի ֆիլմ են նկարահանել, որոնցից ամենահայտնին «Եղիայի գիրքը» (The Book of Eli) դրաման է: Այս ֆիլմում գլխավոր կերպարին մարմնավորում է Դենզել Վաշինգտոնը:
Ռեժիսորները հպարտությամբ են խոսում իրենց հայկական արմատների մասին և 2010թ.-ին այցելել են Հայաստան:
Անժելա Սաֆարյան
Ամերիկահայ դերասանուհի Անժելա Սաֆարյանը ծնվել է Երևանում, իսկ 5 տարեկանից բնակվում է Միացյալ Նահանգներում:
2000թ.-ին Սաֆարյանն իր դեբյուտն արեց «Արդար Էմի» (Judging Amy) հեռուստասերիալի դրվագներից մեկում, ապա սկսեց նկարահանվել հեռուստասերիալներում: Սաֆարյանը երկրորդական դերեր է խաղացել այնպիսի հայտնի ֆիլմերում, ինչպիսիք են «Մթնշաղ. Լուսաբաց՝ Մաս 2»-ը (The Twilight Saga: Breaking Dawn - Part 2), «Պարանոյա»-ն (Paranoia), իսկ 2016թ.-ին Թերի Ջորջի՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմում մարմնավորել է Մարալի կերպարը:
Ադամ Սևանի
Ամերիկահայ դերասան Ադամ Սևանին ֆիմլարվեստում իր կարիերան սկսել է 2007թ.-ին, երբ նրան դեր են առաջարկել «Քայլ առաջ. 2 փողոց» (Step Up 2: The Streets) պարային-մյուզիքլային ֆիլմում: Քսանութամյա դերասանն արժանացել է Young ամերիկյան Hollywood Award մրցանակին, որը շնորհվում է կինոյի և հեռուստատեսության երիտասարդ դերասաններին: Արդյունքում Սանին նկարահանվել է «Քայլ առաջ» ֆիլմի հաջորդ մասում, ինչպես նաև նկարել է Մայքլ Ջեքսոնի «Thriller» տեսահոլովակի ռիմեյքը։