«Ժողովուրդ». Աշոտյանի բաջանաղը՝ արտոնյալների շարքում
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հայաստանում, պարզվում է, դեռ կան արտոնյալ պաշտոնյաներ, որոնք, չնայած երկրում կոռուպցիայի դեմ հայտարարված պայքարին, իրենց ունեցվածքի եւ եկամուտների վերաբերյալ հայտարարագիր չեն ներկայացրել: Նրանց թվում են առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանն ու իր տեղակալներից Սամվել Սողոմոնյանը՝ ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանի բաջանաղը: Այս կառույցից հայտարարագիր ներկայացրել է միակ բարեխիղճ պաշտոնյան` Էմին Ավետիսյանը, այն էլ, ըստ Էդգար Խուրշուդյանի, սխալվել է: «Մեզանից չի պահանջվում, դրա համար չենք ներկայացրել, օրենքի խախտում ա, խախտում չէ, էդ կինոները հետո թող մնան»,-«Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` ասաց նա: Պարզվում է` տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանը համապատասխան «կոդ» չունի, որպեսզի հայտարարագիրը ներկայացնի: «Մինչեւ դա չլինի, մենք չենք կարող դա ներկայացնել: Այն տեսչական մարմինների ղեկավար անձինք ունեցել են այդ կոդը եւ հայտարարագիր են ներկայացրել, բայց մեր տեսչական մարմինը չունի»,- արդարացավ իրավաբան ներկայացած Եսթեր Զադոյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում