Երևանում բացվեց հայ երգի նվիրյալ Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանը
ՄՇԱԿՈՒՅԹԵրևանի Եզնիկ Կողբացի 42/3 հասցեում երգչուհու ծննդյան օրը` հունիսի 1-ին, բացվեց հայ երաժշտության զարգացման և պահպանման նվիրյալ, սոպրանո Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանը, որտեղ ներկայացված են Զաքարյանի և նրա ամուսնու` բանասեր, շարականագետ, մանկավարժ, ծիսագետ և երգիչ Խորեն Պալյանի անձնական իրերը, փաստաթղթերն ու նոտաները, նամակներ, գրադարանը և այլ ցուցանմուշներ:
«1965 թվականին Պալյանը հրաժարվեց հոգևոր գործունեությունից և անցավ աշխարհիկ կյանքի: Նա սկսեց աշխատել ԵՊՀ-ում: Ես էլ էի համալսարանում աշխատում: Այդ ժամանակներից սկսած նվագակցել եմ նրան, մարզերում նաև`Լուսինե Զաքարյանին»,-պատմեց Զաքարյանի ընտանիքի բարեկամ և թանգարանի տնօրենՍուսաննա Դավթյանը: Նա շեշտեց, որ մինչ օրս չի պատկերացնում Երևանն առանց Լուսինեի և Խորենի: « Նրանք մեր բեմի զարդն էին ու նպաստեցին հայ հոգևոր զարթոնքին»,- ընդգծեց Դավթյանը:
Խորեն Պալյանի եղբորորդի Րաֆֆի Պալյանի խոսքով` մեծ ջանքեր են գործադրել թանգարանը բացելու համար: «Սա մեծ իրադարձություն է ոչ միայն Պալյան ընտանիքի, այլև հայ ժողովրդի համար: Հպարտությամբ ենք հանրությանը հանձնում այս մշակույթի կենտրոնը, որը պետք է ծառայի հոգևոր երաժշտությանը: Այստեղ պետք է հնչեն Զաքարյանի և Պալյանի անզուգական ձայները՝ մարդկանց, որոնք կարողացան հայ հոգևոր, տոհմիկ, միջնադարյան երաժշտությունը հասցնել բարձր մակարդակի»,- եզրափակեց նա:
Լուսինե Զաքարյանի քույրը` Լյուդմիլա Զաքարյանը փաստեց, որ բազմաթիվ երիտասարդներ այսօր չեն ճանաչում մեծ սոպրանոյին: Նա հույս հայտնեց, որ տուն-թանգարանը կարող է նպաստել իր քրոջ թողած ժառանգության հանրահռչակմանը:
Պալյան ընտանիքի նախաձեռնությամբ 2016 թվականին սկսվել են հայ անվանի արվեստագետներ Լուսինե Զաքարյանի և Խորեն Պալյանի տուն-թանգարանի ստեղծման աշխատանքները: Այն բնակարանը, որտեղ արվեստագետներն ապրել են 1968-2007 թվականներին տուն-թանգարանիվերածելու Խորեն Պալյանի ցանկությունը, իրագործել է նրա եղբորորդի, բժիշկ Րաֆֆի Պալյանը, ում ֆինանսավորմամբ 2018 թվականին իրականացվելեն վերանորոգման աշխատանքները: 2019-ին Վեհափառ Հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ.Գարեգին Բ կաթողիկոսի ֆինանսական աջակցությամբ սկսվել են տուն-թանգարանի ցուցադրական աշխատանքները: Ցուցադրության համակարգման և ձևավորման աշխատանքները իրականացվել են «Քվադրում» ճարտարապետական արվեստանոցի աջակցությամբ: Հյուրասենյակը վերստեղծվել է այնպես, ինչպես նրանց կենդանության օրոք էր: Թանգարանիհավաքածուի համալրման, հաշվառման, վերականգնման, թվայնացման և այլ աշխատանքներում աջակցություն են ցուցաբերել Կոմիտասի թանգարան-ինստիտուտը, Չարենցի անվան գրականության և արվեստի, Հայաստանի պատմության թանգարանները, Հայաստանի ազգային արխիվը, Հայաստանիհանրային հեռուստատեսությունը և Ճարտարապետության ու շինարարության Հայաստանի ազգային համալսարանը: Տուն-թանգարանիկազմակերպման աշխատանքներում մեծ է Րաֆֆի Պալյանի կրտսեր դստեր՝ Ալեյնա-Մարալ Պալյանի, Էդիկ Ավետիսյանի, Մարինե Օթարյանի, ՍուսաննաԴավթյանի, Գուրգեն Մելիքյանի, Հովհաննես Զարդարյանի, Արփենիկ Ղազարյանի ավանդը: