Հայաստանում տեղի կունենան Հայ-ֆրանսիական մանկական նվագախմբի համերգները
ՄՇԱԿՈՒՅԹՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` 2016 թ. ապրիլի 14-24-ը Հայաստանում տեղի կունենան Հայ-ֆրանսիական մանկական նվագախմբի համերգները: Նախագծի կազմակերպիչներն են Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցը և Ֆրանսիայի Ռոմանի կոնսերվատորիան:
Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հայ-ֆրանսիական մանկական նվագախմբում ընդգրկված են 10-15 տարեկան Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի, Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի և Ռոմանի կոնսերվատորիայի 95 սան:
Նվագախումբը համերգներով հանդես կգա Աշտարակում (ապրիլի 18-ին, Աշտարակի քաղաքային մշակույթի տուն), Գյումրիում (ապրիլի 19-ին, Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն) և Երևանում (ապրիլի 22-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահ):
Համերգային ծրագրում կհնչեն հայ և ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Նախագծի շրջանակներում կկազմակերպվեն վարպետության դասեր՝ Ֆրանսիայից ժամանած առաջատար մասնագետների մասնակցությամբ, ինչպես նաև գիտաճանաչողական այցելություններ Հայաստանի մշակութային օջախներ, Մայր Աթոռ Ս. Էջմիածին և այլն:
Նվագախմբի բեմելը կայացավ Ֆրանսիայում 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրերին: Նվագախումբը համերգներով հանդես է եկել Ֆրանսիայի Ռոման, Լիոն, Վալանս, Սենտ Էտյեն քաղաքներում: Նվագախմբի համերգային ծրագիրն ամբողջությամբ կազմված էր հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից` Կոմիտաս, Ա. Խաչատրյան, Է. Միրզոյան, Ա. Հարությունյան, Ռ. Ալթունյան, Վ. Շարաֆյան, Ա. Սաթյան: