Տավուշի մարզպետը փորձում է ընդհանուր հայտարարի գալ ճանապարհը փակած ցուցարարների հետ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԻնչպես արդեն տեղեկացրել ենք Իջևանում ցուցարարները պահանջում են թույլ տալ իրենց անտառհատումներ անել: Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ու Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը բանակցում են Իջևանի միջպետական ճանապարհը փակած ցուցարարների հետ: Թեև փորձում են ընդհանուր հայտարարի գալ, սակայն վերջիններս շարունակում են փակ պահել Իջևանի միջպետական ճանապարհը:
Հայկ Չոբանյանի խոսքով՝ խնդրի կարգավորման համար տարբեր առաջարկներ են արել, բայց քաղաքացիները ցանկանում են, որ իրենց անօրինական փայտանյութը վաճառելու թույլտվություն տրվի, ինչն իրենք թույլ տալ չեն կարող. «Միանշանակ անօրինական փայտանյութը վաճառելու թույլտվություն չի կարող լինել, մենք հնարավորություն ենք տալիս օրինական ճանապարհով իրացնել: Ցուցարարներին խնդրել ենք բացել ճանապարհը, քանի որ այն Հայաստանի միջպետական ճանապարհն է, և դա ազգային անվտանգության խնդիր է»,- ասել է նա՝ նշելով, որ չեն կարող թույլ տալ ճանապարհ փակելու միջոցով հասնել անօրինականության:
Նշենք, որ ոստիկանությունը փորձել է բացել ճանապարհը, որի ընթացքում բախումներ են առաջացել ցուցարարների հետ: Ըստ մամուլի հրապարակումների՝ թվով 13 ցուցարար և ոստիկան է վիրավորվել, որոնք տեղափոխվել են հիվանդանոցներ:
Հայկ Չոբանյանի խոսքով՝ վիրավորների մասին տեղեկությունները հստակ չեն և չի կարող ասել՝ քանի վիրավոր կա, սակայն նշել է, որ բախման ժամանակ միմյանց հարվածել են քարերով ու փայտերով, իսկ շտապօգնության մեքենան հերթապահում է միջադեպի վայրում: