«Ամուսնությունից հետո կյանքս ամբողջապես փոխվեց»․ «Մոր խոստումից» Ռաֆը՝ Արմեն Հակոբյանը, շուտով հայրիկ կդառնա
ՖՈՏՈ«Մոր խոստումը» հեռուստասերիալում Ռաֆի դերակատարմամբ ներկայացող Արմեն Հակոբյանին շատերը, գուցե, փոքր են պատկերացնում՝ պայմանավորված 18-ամյա հերոսի մարմնավորելու հանգամանքով և հազիվ թե պատկերացնեն, որ նա ամուսնացած է և պատրաստվում է հայրիկ դառնալ:
22-ամյա երիտասարդը կյանքի կարևորագույն իրադարձության մանրամասները վստահել է Tert.am Life-ին՝ տրամադրելով նաև իր և կնոջ նոր ֆոտոշարքն ու հարսանեկան լուսանկարները:
Ամուսնությունից հետո իմ կյանքն ամբողջապես փոխվեց
Արմենն ու Անին հասակակիցներ են, երկուսն էլ զբաղվում են պրոֆեսիոնալ պարով: Նրանք սովորել են Թատերական ինստիտուտի Պարարվեստի ռեժիսուրա բաժնում, համակուրսեցիներ են եղել: Առաջին կուրսի վերջում սկսել են ընկերություն անել, իսկ ուսումն ավարտելուց ամիսներ անց՝ 2018-ի հոկտեմբերի 7-ին, ամուսնացել են:
«Ամուսնությունից հետո իմ կյանքն ամբողջապես փոխվեց դեպի ավելի լավը թե՛ անձնական, թե՛ գործնական առումով: Իմ ու Անիի հարաբերություններն էլ են փոխվել․մանր հարցերը, որոնք ընկերություն անելու փուլում կարող էին խնդիր դառնալ, հիմա չկան: Ամեն ինչ ավելի լուրջ է դարձել»,- ասաց նա:
Զույգն առանձին է ապրում իր բնակարանում: Արմենը գտել է ծնողների հետ, բայց և առանձին ապրելու տարբերակի ոսկե միջինը․ «Մենք ու ծնողներս դեմ-դիմացի հարևաններ ենք: Մեզ մի պատ է բաժանում: Ընտրել ենք միասին և առանձին ապրելու ոսկե միջինը»:
Երիտասարդ տարիքում ընտանիք կազմելն ու հայրիկ դառնալը մեծ պատասխանատվություն է ենթադրում: Դերասանից հետաքրքրվեցինք՝ մտավախություններ չունի՞ այս թեմայով․ «Ոչ, որովհետև ծնողներս իմ կողքին են, ամեն հարցով ինձ օգնում են: Ինչ վերաբերում է երիտասարդ տարիքում ամուսնանալուն՝ ես կարող եմ նաև ընկերներիս հետ ժամանակ անցկացնել և, օրինակ, գիշերը տուն չգալ: Կնոջս հետ որևէ խնդիր չենք ունենում, որովհետև նա գիտակցում է, որ ես դեռ ջահել եմ, պետք է ջահելություն էլ անեմ, վայելեմ երիտասարդությունս»:
Դիտարկմանը, որ իր կինն էլ է երիտասարդ, չի՞ սրտնեղում այս հարցով, նա արձագանքեց․ «Ընդհանրապես խնդիրներ չեն լինում: Ես հարազատ քույր ունեմ, որն ինձնից 1 տարի է մեծ: Կինս ընդհանրապես չի նեղվում, որովհետև իրենք շատ մտերիմ են, կարող է ինձ էլ չասի, բայց, երևի, նույնիսկ ուրախանում է, որ ես տանը չեմ լինում, քրոջս հետ ինչ ուզում, անում են:)»:
Աղջկաս անունն արդեն ընտրել ենք
Երիտասարդ դերասանի փոքրիկը կծնվի սեպտեմբերի վերջին: Զույգն արդեն պարզել է երեխայի սեռը՝ աղջիկ են ունենալու:
«Սեռի նախընտրություն չենք ունեցել: Ինչպես ժողովուրդն է ասում, կարևորն առողջ երեխա լինի: Զգացողություններս դեռ անբացատրելի են: Գիտեմ, որ իր ծննդից հետո կյանքս փոխվելու է դեպի լավն ու այդ ապրումներով սպասում եմ, բայց չեմ հասկանում՝ ինչ է կատարվում,- ասաց նա ու հավելեց, որ դստերը տալու են իր մայրիկի անունը՝ Արևիկ: -Ես ու կինս համակարծիք էինք այդ հարցում: Եթե անգամ մամայիս անունն Արևիկ չլիներ, կարծում եմ, շատ գեղեցիկ ու տարբերվող անուն է, որը նաև խորհուրդ ունի: Ես շատ եմ սիրում այն»:
Հայրիկ դառնալու մասին Արմենն անակնկալ ձևով է իմացել․ «Աշխատանքից վերադարձա տուն, կինս ասաց ՝ քեզ համար նվեր ունեմ ու ժամացույցի տուփ տվեց: Մտածեցի կամ ժամացույց է, կամ թևնոց, որովհետև շատ եմ սիրում այդ աքսեսուարները, սակայն տուփը բացեցի, տեսա վարդագույն ու կապույտ թղթիկներ և երեխայի թափանցիկ ծծակ: Այդպիսի երանգներ էր ընտրել, որովհետև նոր էր իմացել երեխայի սպասելու լուրը, դեռ չգիտեր սեռը: Միանգամից հասկացա ու շատ ուրախացա: Արդեն կեսգիշեր էր, բայց հենց այդ պահին զանգեցի ընկերներիս, բոլորը եկան մեր տուն ու նշեցինք ուրախալի իրադարձությունը»:
Հղիության շրջանում կանանց հաճախ բնորոշ է լինում կամակորությունը: Ըստ Արմենի՝ Անիի մոտ նման դրսևորումներ չեն եղել: Նրա խոսքով՝ բալիկի մասին լուրն իմանալուց հետո իրենց հարաբերությունները միայն դեպի լավն են փոխվել․ «Հիմա ավելի պատասխանատու ենք իրար հանդեպ: Կարծում եմ՝ ես էլ շատ ուշադիր եմ: Ինձ հաճախ են ասում, որ հղի կանայք կամակոր են դառնում կամ ուշ գիշերին կարող են տարօրինակ մի բան ուզել, բայց մեր դեպքում դեռ նման դեպք չի եղել»:
Փոքրիկի համար ինչ-որ իրեր զույգն արդեն գնել է, սակայն մեծ գնումների փուլը, որպես այդպիսին, դեռ չեն սկսել: Արմենից հետաքրքրվեցինք՝ մասնակցելո՞ւ է այս փուլին, թե՞ կնոջն առաջարկելու է մայրիկի կամ քույրիկի հետ գնալ գնումների: «Եթե ժամանակս ների, կաջակցեմ, բայց ես առևտուր անել չեմ սիրում»,- խոստովանեց նա։
Նախկինում սպասարկման ոլորտում էի աշխատում
Վերջին մեկ տարին Արմենի համար փոփոխությունների փուլ էր և իր բնորոշմամբ՝ շատ հաջողակ․ ամուսնացավ, հայրիկ է դառնալու ու միանգամից հայտնիություն ձեռք բերեց: «Մոր խոստումը» հեռուստասերիալը դեբյուտային էր Արմենի համար:
«Հոկտեմբերի 7-ից հետո կյանքս լրիվ փոխվեց: Ամուսնական շրջագայությունից վերադառնալուց հետո հանդիպեցի պրոդյուսեր Ելենա Արշակյանին, հրավիրեց մասնակցելու քասթինգին, որն անցա ու ինձ վստահվեց Ռաֆի կերպարը: Թե՛ Ելենային, թե՛ թիմի անդամներին շատ շնորհակալ եմ: Շատ ուրախ եմ, իրենց հետ աշխատելու համար, որովհետև իսկապես շատ լավ հարաբերություններ ունենք»,- ասաց նա ու հավելեց, որ մինչև այդ աշխատում էր բջջային օպերատորներից մեկում՝ որպես վաճառքի և սպասարկման մասնագետ, բացի այդ, հայրը պարի խումբ ունի Դավթաշեն համայնքում մեծ պարի խումբ ունի, որպես պարուսույց դասավանդում էր այնտեղ:
«Սպասարկման ոլորտում աշխատանքի անցա, քանի որ որպես պարուսույց աշխատելու շրջանում զբաղվածությունս թույլ էր տալիս: Սակայն նկարահանումների մեկնարկից 1 ամիս անց հասկացա, որ անհնար է համատեղել 3 աշխատանքը և սպասարկման ոլորտից դուրս եկա»,- ասաց նա:
Արմենից հետաքրքրվեցինք՝ հեռուստատեսությունում առաջին դերը ստանալուց հետո իր ապագան տեսնո՞ւմ է այս ասպարեզում: «Ինձ համար սա ավելի հաճելի աշխատանք է, սակայն հետագայում որպես դերասան կշարունակե՞մ, թե՞ ոչ, չգիտեմ: Եթե խոսում ենք ցանկության մասին, ես շատ եմ ուզում, սակայն պետք է ինձ ընտրեն, տեսնեն ինչ-որ կերպարներում, որպեսզի շարունակեմ խաղալ որպես դերասան: Իսկ ահա որպես պարող մի շարք ծրագրեր ունեմ, որոնք կապված են պարի դպրոցի հետ, սակայն այդ մասին ավելի հստակ խոսել այժմ չեմ կարող,- ասաց նա ու հավելեց, որ պարի դպրոցում կաշխատի նաև իր կինը,- Կարծում եմ՝ ճիշտ է, երբ կինն աշխատում է: Հիմա Անին ֆիզարձակուրդում է: Երեխայի ծննդից հետո աշխատանքի կվերադառնա այն ժամանակ, երբ զգա, որ կարող է համատեղել աշխատանքն ու երեխայի խնամքը»: