Եռաբլուրում խնկարկեցին ԱՍԱԼԱ-ի նահատակների հիշատակը
ՄՇԱԿՈՒՅԹԵռաբլուր զինվորական պանթեոնի Հայաստանի Ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) հուշահամալիրում խնկարկեցին կազմակերպության նահատակների հիշատակը։
Գաղտնի բանակի անդամ Վազգեն Սիսլյանը նշեց, որ օգոստոսի 7-ը նշվում է, որպես ԱՍԱԼԱ-ի մարտիկների հիշատակի օր՝ պայմանավորված 1982թ. այդ օրը իրականացված գործողության հետ։
«Հենց այս օրը 1982 թվականին երկու ընկեր հարձակում գործեցին Անկարայի օդանավակայանի վրա: Այնտեղ բախում եղավ զինվորականների հետ, ինչի արդյունքում Լևոն Էքմեքչյանը ծանր վիրավորվեց, իսկ խմբի ղեկավարը՝ Զոհրաբ Սարգսյանը՝ պայթեցրեց ինքն իրեն: Հենց այդ պատճառով էլ այսօրն ամեն տարի այցելու ենք Եռաբլուր և հարգում նրանց հիշատակը»,- նշեց Վազգեն Սիսլյանը:
Վազգեն Սիսլյանի խոսքով՝ ԱՍԱԼԱ-ն կատարել է իր առջև դրված առաքելությունը և այժմ այդպիսի կազմակերպության անհրաժեշտությունը չկա։
«Կարծում եմ, որ գաղտնի բանակի գործունեությունն իր արդյունքը տվել է: Առաջին հերթին հայերը այդպիսով զգացին իրենց հայ լինելու հանգամանքը և վերականգնեցին իրենց ինքնությունը: Կարծում եմ, որ այս էտապի համար առաջադրանքն իրականացված ու հաջողված է»,- նշեց Սիսլյանը: