«Համարձակ ծիծաղում եմ ինքս իմ վրա». Ռաֆայել Երանոսյանը «tRaffik» ներկայացման և ունեցած հաջողությունների մասին
ՄՇԱԿՈՒՅԹ
Քիչ կան ներկայացումներ, երբ տոմս ես գնում որպեսզի գնաս հոգնածությունդ ու հոգսերդ մոռանալու համար: Կա մի ներկայացում, որին ներկա գտնվելով ծիծաղում ես անհագ, անսպառ ու երևի չես էլ նկատում, թե ինչպես է Ռաֆայել Երանոսյանը նրբորեն և վարպետորեն բեմից ներկայացնում իմ, քո և մյուսների առօրյա խնդիրներն ու հոգսերը:
Բեմից ուղղակի խոսում է, հեգնում, երգում ու նաև պատմում իր մասին :
Past.am-ը զրուցել է Ռաֆայել Երանոսյանի հետ «tRaffik»-ի ունեցած հաջողության մասին:
- Ռաֆայել արդեն որքա՞ն ժամանակ է կյանք ունի ստենդափը:
- Արդեն մեկ տարի խաղում եմ «tRaffik»: Ամիսը երեք ներկայացում Բոհեմ թատրոնում, մեկնել եմ ԱՄՆ, այնտեղ ունեցել չորս ելույթ բավականին մեծ դահլիճներու, հետո երկու համերգով Եվրոպա` Հոլանդիա, Բրյուսել, հունվարին «tRaffik»-ով կլինեմ Թբիլիսիում, ապա կմեկնեմ Մոսկվա:
- Ելույթիդ ժամանակ բեմից նկատո՞ւմ ես ամեն ինչ, արա՞գ ես արձագանքում հանդիսատեսի արարքին, պահվածքին:
- Հա, ճիշտ եք, այդպես է: Հիմքում նույն պատմությունն է , բայց ամեն անգամ նույնը չի լինում ելույթս , քանի որ ես անդրադառնում եմ տվյալ պահին Երևանում տեղի ունեցածին կամ այն փոքր դեպքին, որ կարող է առաջանալ հենց դահլիճում :
- Ուրախ, սրտաբաց, թեթև, անկեղծ ու արդեն նաև անկանխատեսելի ներկայացման հաջողության գրավականը ո՞րն է:
- Ես համարձակ ծիծաղում եմ ինձ վրա, և մարդկանց այն տեսակի, որ կան իրականության մեջ: Այստեղ ոչինչ հորինված չէ, իմ կյանքն է ուրախ և տխուր միջադեպերով, ես եմ
Ձեր Ռաֆոն:
- Մեր Ռաֆոն առհասարակ ի՞նչ զբաղվածությամբ է աշխատում:
- Կամեռային պետական թատրոնում, Բոհեմ թատրոնում, միասին զբաղվածություն ունեմ վեց ներկայացման մեջ:
- Քո ներաշխարհում խաղացածդ կերպարները մրցակցություն ունե՞ն իրար հետ:
- Բոլոր կերպարներիս հավասար եմ վերաբերվում, չկա մրցակցություն:
- Ամանորին կուրախացնե՞ս մեզ:
- Կլինեմ գրեթե բոլոր հեռուստաընկերությունների ամանորյա ծրագրում, ինչպես նաև հրավիրված եմ կորպորատիվների տարբեր ժամանցի վայրերում: