Դուդուկը հայ ազգի հետ ծնվել է , հայ ազգի հետ կապրի դարերով. Կամո Սեյրանյան
ՄՇԱԿՈՒՅԹՀայկական ծիրանափողից արձակված մեղեդուն ծանոթ են աշխարհի գրեթե բոլոր անկյուններում : Այս գործիքի դեպքում երաժշտությունը ազգություն չի ճանաչում։
Այնուամենայնիվ պիտի հպարտությամբ նշենք , որ այն մերն է ` հայերինը։ Past․am - ի զրուցակիցը ՀՀ վաստակավոր արտիստ Կամո Սեյրանյանն է , ով եղել է բոլոր մայրցամաքներում ու մեր ազգային գործիքը նրա կախարդական շնչով հմայել է ամենահայտնի ու բազմազգ հանդիսատեսին։
- Կամո Սեյրանյանի վերջին համերգային շրջագայությունը, ո՞ր երկրներում է եղել:
- Տարին իսկապես առատ էր համերգային շրջագայությունների և հրավերների առիթով : Վերջին համերգը Նոր Սուլթանում էր `նախկին Աստանայում: Ղազախստանի մայրաքաղաք էինք մեկնել ու մեր ազգային գործիքով այնտեղ նույնպես ներկայացանք:
- Սփյուռքահայ հանդիսատեսին հիմնականում ի՞նչ երաժշտական ծրագրով եք ներկայանում:
- Սփյուռքահայ հանդիսատեսին հիմնականում ներկայանում ենք կոմպոզիտորական , աշուղական գործերով, միջնադարյան մեղեդիներ, հայկական ֆիլմերից սաունթրեքեր ենք նվագում:
- Ո՞րոնք են եղել անցնող տարվա նշանակալի իրադարձությունները:
- Երևի թե ամենամեծ իրադարձությունը առանձնացնեմ , այն Երևանում մարզահամերգային համալիրում կայացած մենահամերգիս ցուցադրման համար աշխատանքները ավարտին հասցնելն էր , որի համար 2019թ . հունվարից մինչև ապրիլ ամիսները ԱՄՆ - ում հոլիվուդյան ձայնագրման ստուդիաներից մեկում մենահամերգի ձայնային ձևավորումը կատարեցի ու առաջին եթերը եղավ հունիսին , հետո տարածվեց համացանցում:
- Երաժշտի գերզբաղված , հախուռն կյանքը ի՞նչպե՞ս է ազդում դասախոս Կամո Սեյրանյանի վրա:
- Ցավով ասեմ, որ հարգելի պատճառներով բացակայություններս շատ են լինում. բայց Երևանում գտնվելուս օրերին ուսանողներիս կանչում եմ ու միասին լրացնում ենք բացը: Ամեն ինչ անում եմ , որ ուսանողներս չտուժեն կրթական ծրագրից հետ չմնան:
- Ազգային երաժշտական մեր դուդուկը երիտասարդ սերունդը կարողանու՞մ է պատվով ներկայացնել միջազգային մրցույթներում , փառատոններում:
- Երևի միակ ազգային գործիքը դուդուկն է , որի համար կարող ենք չանհանգստանալ : Չեք պատկերացնի ինչ փայլուն սերունդ ունենք թե երաժշտական դպրոցներում , թե քոլեջներում , ուսումնարաններում , թե կոնսերվատորիայում:
Շատ կուզենայի , որ մեր արվեստի մյուս ոլորտները դուդուկի նման պաշտպանված լինեն: Դուդուկը հայ ազգի հետ ծնվել է ու հայ ազգի հետ կապրի դարերով:
- Դուդուկի հոգեպարար հնչյունները, ո՞ր օտարազգիներն են ընդունում հայերից հետ չմնալով:
- Բացի հայերից ինձ հանդիպել են ամենատարբեր ազգեր, օրինակ 2010թ -ին Շանհայում Էքսպո ցուցահանդեսի ժամանակ մասնակցում էին 192 ազգեր :
Հայկական տաղավարը միջոցառում էր կազմակերպել ծիրանին նվիրված որի ընթացքում պիտի հնչեր դուդուկը : Տարածքը այնքան մարդաշատ էր դուդուկի կատարման ժամանակ , որ ազգություններ առանձնացնել չեմ կարող:
Այսպես ասեմ չկա այնպիսի ազգ, որ անտարբեր մնա մեր ազգային երաժշտական գործիքի նկատմամբ:
- Ամանորի գիշերը որտեղ հանդիպենք ձե՞զ:
- Ամանորի գիշերը դիմավորելու եմ իմ ծննդավայր Չարենցավանում` ծնողներիս, հարազատներիս հետ միասին :