«Ժողովուրդ». Մոսկվայում գործարարներից աշխատանք է խնդրել
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի են դարձել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արդեն նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանի պաշտոնանկության պատճառները:
Հավանաբար նկատած կլինեք, որ ամանորյա ուղերձը սուֆլյորից կարդալիս վարչապետը մի պահ չի կարողանում շարունակել տեքստի ընթերցումը, դադար է տալիս: Պատճառը տեքստում մեկ նախադասության կրկնությունն է եղել, այսինքն՝ տեքստը փնթի է խմբագրված եղել: Դրանից հետո Ն. Փաշինյանը նախատել է Վլադիմիր Կարապետյանին, SMS-ով հորդորել պաշտոնից ազատման դիմում գրել:
«Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան այն մասին, որ Կարապետյանը տոնական օրերին Մոսկվայում որոշ գործարարներից աշխատանք է խնդրել՝ հայտարարելով, թե հոգնել է Փաշինյանի հետ աշխատելուց: Բայց իրականում Նիկոլ Փաշինյանն է դժգոհ եղել Կարապետյանից նաեւ այն բանի համար, որ հեղափոխությունից հետո իր կատարած ահռելի աշխատանքը չի կարողանում այնպես մատուցել հանրությանը, որ այդ տարբերությունը նկատեն:
Ավելին՝ Փաշինյանն իր շրջապատում մի քանի անգամ ասել է, որ ֆեյսբուքյան իր գրառումներով ավելի շատ գործ է անում, քան Կարապետյանն իր ողջ լրատվական ռեսուրսներով: Բացի այդ, ըստ «օդում կախված լուրերի»՝ Վլադիմիր Կարապետյանը նաեւ «պալատական խարդավանքների» մեծ վարպետ էր եւ կարողանում էր ՀՀ վարչապետի ականջին այնպիսի ինֆորմացիաներ հասցնել, որոնք իրականում գոյություն չունեն: Իսկ ում հետ հակադրվել կամ չի ընդունել, անմիջապես պիտակավորել է որպես «քոչարյանական»՝ նրա նկատմամբ թշնամանք քարոզելով»: