Ոստիկանությունն՝ ԱԱԾ-ի հետքերով. կասկածվում են բոլորը
ԻՐԱՎՈՒՆՔՀունվարի 21-ին Ազգային ժողովը 97 կողմ, 20 դեմ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել էր իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանի ու Սիփան Փաշինյանի հեղինակած «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը։ Կառավարության կողմից բացասական եզրակացության արժանացած ու խոշոր ֆինասնական ծախսեր ենթադրող նախագծի ընդունման արդյունքում, որը հիմնավորվել է Ոստիկանության աշխատանքի արդյունավետության բարձրացմամբ, այսուհետ գաղտնալսելու իրավունք է տրվելու նաև այդ ուժային կառույցին՝ առանց դրա համար ԱԱԾ թույլտվությունը ստանալու. բավարար կլինի ընդամենը դատարանի որոշումը:
Այն, որ հետհեղափոխական Հայաստանում ուժային կառույցների գործունեության շրջանակը վաղուց դուրս է եկել հասարակական կարգի պահպանման կամ պետական անվտանգության խնդիրների լուծման տիրույթից, բնավ նորություն չէ: Ներկայումս ուժային կառույցները Հայաստանում շատ իմաստներով վերածվել են իշխանությունների քաղաքական շահերը սպասարկող հանգուցային օղակի, երբ հաճախ նույնիսկ ի վնաս բուն գործառույթների,այս կամ այն ուժային կառույցը ստիպված է լինում անհապաղ ի կատար ածել քաղաքական ղեկավարության կողմից ներքին կարգով պարբերաբար իջեցվող հրահանգները: Շատ հավանական է, որ տվյալ պարագայում Ոստիկանությանը ԱԱԾ-ի հետ գործնականում նույն հարթության վրա դնելով ու վերջինիս զրկելով որոշակի հարցերում ունեցած մենաշնորհներից՝ իշխանությունները նախևառաջ փորձելու են լուծել իրենց քաղաքական օրակարգից ածանցվող խնդիրները, և այն հիմնավորումը, որ նախագծի ընդունումը կօգնի բարձրացնել Ոստիկանության օգտակար գործողության գործակիցը, ձեռք է բերում բավական խորհրդանշական իմաստ. Ոստիկանությանը նմանօրինակ լիազորություններով օժտելով՝ իշխանություններն, ըստ էության, նաև փորձելու են դրա միջոցով հակակշռել Ազգային անվտանգության ծառայությանը և, ինչու ոչ, է՛լ ավելի խորությամբ վերահսկել շատերի համար դեռ առեղծվածային այդ կառույցը:
Ի՞նչ վախեր են առկա իշխանությունների մոտ, որոնք ստիպում են նրանց թեկուզ հսկայական ծախսերի ու քաղաքացիների իրավունքերի պոտենցիալ ոտնահարման գնով ոստիկանությանն օժտել գործնականում աննախադեպ գործառութային հնարավորություններով, ԱԱԾ-ն թերացե՞լ է ինչ-որ բանում ու կարիք կա օգնող ձեռքի, թե՞ գաղտնալսելու են բացառապես քրեականներին՝ նրանց դեմ ընդունված նոր օրենքի կյանքի կոչման շրջանակներում, իսկ միգուցե խնդիրը հենց ԱԱԾ-ն է՝ նկատի ունենալով միառժամանակ առաջ ոմանց կողմից շրջանառության մեջ դրված ներքին հեղաշրջումների մասին բամբասանքների ի հայտ բերած հնարավոր էֆեկտը:
Հետաքրքիր է, որ սույն նախագծի ընդունումը հնարավոր է դարձել բացառապես ԱԺ իմքայլական մեծամասնութան շնորհիվ, քանի որ Կառավարությունն, ըստ էության, առերևութաբար դեմ է հանդես եկել իմքայլականների նախաձեռնությանը՝ չնայած միանգամայն հասկանալի է, որ ներկա իրողությունների պայմաններում խորհրդարանը չէր կարող նման նախագիծ ընդունել առանց վերևների համաձայնությունը ստանալու, և կառավարության ընդդիմանալն ավելի շուտ պետք է համարել յուրատեսակ ծածկադմփոց՝ քննադատությունների ալիքը շեղելու, ղեկավարությանը թիրախ չդարձնելու նպատակով՝ չնայած որ բուն շահառուն հենց կառավարությունն է հանդիսանալու՝ յուր ղեկավարով:
Վերջերս ամենևին էլ ոչ անհիմն կերպով շատ է շրջանառվում Նիկոլ Փաշինյանի միայնակ մնալու, վստահելի անձանց շրջանակի աննախադեպ կրճատման մասին թեզը: Վարչապետը մնացել է մենակ, իսկ մարդկանց թիվը, որոնց նա անվերապահորեն վստահում է, ժամանակի հետ չեն ավելանում: Ինքնամեկուսացումը, որի ճանապարհին է այժմ գտնվում Նիկոլ Փաշինյանը, ինքնաբերաբար ծնում է կասկած ու դավաճանված լինելու վախ, ուստի՝ միանգամայն հավանական է, որ Ոստիկանությանն աննախադեպ վերահսկողական գործառույթներով օժտելուն միտված այս քայլով փորձ է արվելու, նախևառաջ, փարատել դավաճանված, «քցված» լինելու հետ կապված կասկածները. գաղտնալսման թիրախում են հայտնվելու առաջին հերթին նրանք ու այն կառույցները, որոնցից Փաշինյանի վախերն ամենաշատն են, որոնք կասկածվում են հեղափոխությանն ընդդիմացող «սևերով» լիքը լինելու մեջ կամ որոնց վարչապետը «սատանա» է համարում: