Ջորջ Սորոսը մտադիր է 1 միլիարդ դոլար հատկացնել բռնապետերի եւ կլիմայի փոփոխության դեմ պայքարին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄիլիարդատեր Ջորջ Սորոսը մտադիր է 1 մլրդ դոլար հատկացնել գլոբալ համալսարանի ստեղծմանը՝ ավտորիտար կառավարությունների եւ կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար, դրանք անվանելով երկու մարտահրավեր, որոնք սպառնում են քաղաքակրթության գոյատեւմանը, տեղեկացնում է Bloomberg-ը։
«Բաց հասարակություն» համալսարանային ցանցը կառաջարկի միջազգային պլատֆորմ ուսուցման եւ հետազոտությունների համար, ասել է Սորոսը Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում։
«Որպես երկարաժամկետ ռազմավարություն մեր գլխավոր հույսը որակյալ կրթության ապահովումն է, մասնավորապես՝ այնպիսի կրթության, որն ամրապնդում է անձի ինքնուրույնությունը, զարգացնելով քննադատական մտածողություն եւ ընդգծելով ակադեմիական ազատությունը»,- ասել է Սորոսը։
Իր ելույթում եւ նիստին հաջորդած հարցուպատասխաններում Սորոսն անդրադարձել է հարցերի լայն շրջանակի, ներառյալ ԱՄՆ «գերտաքացած» տնտեսությունը, Facebook Inc-ի գերիշխանությունը եւ Սի Ցզինպինի, Նարենդրա Մոդիի, Ջեյր Բոլսոնարոյի եւ Դոնալդ Թրամփի ավտորիտար կառավարումը, որին անվանել է «խաբեբա եւ բացարձակ նարցիս»:
«Ուշադրության առնելով արտակարգ կլիմայական իրավիճակը եւ անկարգությունները ողջ աշխարհում՝ չափազանցություն չի լինի ասել, որ 2020 թվականը եւ հաջորդ մի քանի տարիները կորոշեն ոչ միայն Ցզինպինի ու Թրամփի, այլեւ աշխարհի ճակատագիրը»,- ասել է նա։
Նա ափսոսանք է հայտնել այն առիթով, որ աշխարհի ուժեղագույն տերությունները՝ Միացյալ Նահանգները, Չինաստանն ու Ռուսաստանը, «հայտնվել են պոտենցիալ կամ իսկական բռնապետերի ձեռքում, իսկ ավտորիտար կառավարիչների շարքերը շարունակում են համալրվել»։